26 սեպտեմբերի 2011 - 14:24 AMT
Բռցքամարտիկ Արմեն Սիմոնյանը վնասվածք է ստացել և չի կարող ելույթ ունենալ Բաքվի ԱԱ-ում

Սեպտեմբերի 26-ին Բաքվում մեկնարկում է բռնցքամարտի աշխարհի վարկանիշային առաջնությունը:

Հայաստանի հավաքականի անդամներից սեպտեմբերի 27-ին առաջինը ելույթ կունենա Հովհաննես Բոչկովը (56 ք/կ), որն առաջին փուլում մրցելու է Օտգոնդալա Դորինյանբուի հետ (Մոնղոլիա):

Ինչպես PanARMENIAN.Net-ին հայտնել են Հայաստանի Բռնցքամարտի ֆեդերացիայից, Արմեն Սիմոնյանը վնասվածքի պատճառով չի կարող ելույթ ունենալ աշխարհի առաջնությունում:

Հայաստանի Բռնցքամարտի ֆեդերացիայի փոխնախագահ Դերենիկ Գաբրիելյանի պնդմամբ, բռնցքամարտիկները լավ մարզավիճակում են, և կազմակերպիչները հետևում են անվտանգության բոլոր կանոններին:

Հայաստանի և Ռուսաստանի հավաքականները, որի կազմում հանդես են գալիս երկու հայ բռնցքամարտիկներ, բնակվում են բոլոր մասնակիցներից առանձին: