26 սեպտեմբերի 2011 - 15:35 AMT
Սեզարիա Էվորայի համերգի համար գնված տոմսերը կարելի է ետ վերադարձնել

Այն մարդիկ, ոնքեր գնել են Սեզարիա Էվորայի համերգի տոմսեր և չեն ցանկանում ներկա գտնվել Ալեսանդրո Սաֆինայի համերգին, ով այդ օրը ելույթ կունենա, կարող են ետ վերադարձնել իրենց տոմսերը: Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց «Երևանյան հեռանկարներ» փառատոնի մենեջեր Սոնա Հովհաննիսյանը: Նա նաև նշեց, որ տոմսերը կարելի է փոխել Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տոմսարկղում:

Սեպտեմբերի 29-ին Երևանում պետք է ելույթ ունենար հռչակավոր երգչուհի Սեզարիա Էվորան: Վերջերս իր հյուրախաղերի շրջանակներում Էվորան ժամանել էր Փարիզ, սակայն նրա առողջական վիճակն այնքան էր վատացել, որ նա որոշել է չեղյալ հայտարարել բոլոր համերգներն ու հրաժեշտ տալ բեմին: Էվորայի փոխարեն Երևանում ելույթ է ունենալու իտալացի տենոր Ալեսանդրո Սաֆինան: Համերգը կազմակերպել է «Chronograph» ժամացույցների և ոսկերչական իրերի խանութ-սրահը, իր լավագույն հաճածորդների համար և միայն փոքր քանակությամբ տոմսեր են վաճառքի հանվել հասարակության համար: