
ՀՀ գյուղանտեսության նախարար Սերգո Կարապետյանը սեպտեմբերի 24-ին այցելել է Լոռու մարզում գործող «Ագրոհոլդինգ» ընկերություն, որը զբաղվում է տավարաբուծությամբ, ոչխարաբուծությամբ, խոզաբուծությամբ, կաթի վերամշակմամբ և կերարտադրությամբ: Այն ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման առումով «Վամաքս» ընկերության հետ միասին եզակի է ոչ միայն մեր հանրապետությունում, այլ նաև մեր տարածաշրջանում ընդհանրապես:
«ՀՀ գյուղանտեսության նախարարության աջակցությամբ «Ագրոհոլդինգ» ընկերությանը հատկացվել է շուրջ 300 գլուխ տոհմային երինջ, որոնք աչքի են ընկնում բավականին բարձր կաթնատվությամբ: Այստեղ կովերի միջին կաթնատվությունը կազմում է ավելի քան 5 հազար լիտր, ինչը 2,5 անգամ գերազանցում է մեր տեղական կովերի կաթնատվությանը, իսկ առանձին կովերից ստացվում է մինչև 10 հազար լիտր:Տնտեսությունում ներկայում բուծվել է ավելի քան 100 գլուխ տոհմային երինջ, որոնք շուտով կմատակարարվեն հանրապետության գյուղացիական այլ տնտեսությունների: Լուրջ քայլեր են իրականացվում նաև տոհմային ոչխարաբուծության ուղղությամբ», - նշել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը` հավելելով, որ տեղում ստացված խառնացեղ ոչխարների մի մասը ևս կհատկացվի այլ տնտեսությունների:
«Տնտեսությունը զբաղվոմ է նաև սելեկցիոն աշխատանքներով և, ունենալով բոլոր հարմարություններն` այդ թվում հանրակացարանային պայմաններ, նպատակահարմար է այն դարձնել Ագրարային համալսարանի ուսումնական բազա անասնաբույժների և անասնաբույծների դասընթացներն ու պրակտիկան անցկացնելու համար», -շրջելով «Ագրոհոլդինգ» ընկերությունում` ասել է Սերգո Կարապետյանը: Անդրադանալով անասնաբուծության ոլորտում արձանագրված աճի միտումներին` նախարարը նշել է, որ հուսալի նախադրյալների շնորհիվ առաջիկա տարիներին կապահովվի կայուն աճ:
«2011 թվականի սեպտեմբերի 20-ի դրությամբ հանրապետությունում տավարի գլխաքանակը նախորդ տարվա համեմատությամբ ավելացել է 3,5 հազարով և տարեվերջին կկազմի շուրջ 575 հազար գլուխ: Այս ցուցանիշը հիմք է տալիս պնդելու, որ 2011 թվականին նախորդ տարվա համեմատությամբ 3 հազար տոննա ավել միս կարտադրվի: Մսի արտադրության տարեկան ցուցանիշը կկազմի 127 հազար տոննա, կաթի արտադրությունը կավելանա ավելի քան 10 հազար տոննայով` կազմելով 615 հազար տոննա», - նշել է ՀՀ գյուղատնտեսության նախարարը` հավելելով, որ առկա իրավիճակը հնարավորություն կընձեռի 2012 թվականին արձանագրել վերջին 15 տարիների ընթացքում աննախադեպ ցուցանիշ, հայտնում է ՀՀ ԳՆ մամուլի ծառայությունը: