ՀՀ նախագահ. Մենք շարունակում ենք ամրացնել մեր պետությունը` ամեն օր, քայլ առ քայլ ու հետևողականորեն

ՀՀ նախագահ. Մենք շարունակում ենք ամրացնել մեր պետությունը` ամեն օր, քայլ առ քայլ ու հետևողականորեն

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 25-ի երեկոյան Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Լոս Անջելեսում մասնակցել է ՀՀ անկախության 20-ամյակին նվիրված տոնական ընդունելությանը և հանդես եկել ողջույնի խոսքով: Ինչպես հաղորդում է ՀՀ նախագահի մամլո գրասենյակը, իր ելույթում Սերժ Սարգսյանը, մասնավորապես, ասել է. «Սեպտեմբերի 21-ի հայկական հեռուստաեթերը լեցուն էր Հայաստանի մարզերից և աշխարհի չորս կողմերից ներկայացվող հուզիչ ու շատ տպավորիչ տեսանյութերով: Եվ ինչպե՞ս չհուզվես, երբ դիտում ես ասենք, հենց ձեր` լոսանջելեսյան համայնքի տոնակատարությունների մասին պատմող սյուժեները: Ինչպես չփառավորվի հոգիդ, երբ անկախ հայրենիքի կենաց թասը բարձրացնող տղաներն ի լուր աշխարհի բարձրաձայնում են, որ հայոց հողի հանդեպ որևէ ոտնձգության դեպքում հեռու Ամերիկայից էլ ժամեր անց կհայտնվեն պաշտպանական դիրքերում: Դիտում ես ու մտքում կրկնում. «Տղե՛րք, ձեր ցավը տանեմ»:

Հայաստանի նախագահը նշել է, որ 1991թվականին իրականություն դարձավ ողջ հայ ժողովրդի երազանքը: «Արդեն երկու տասնամյակ շարունակ մենք կառուցում ենք մեծ աշխարհի մե՛ր անկյունը, մե՛ր պետությունը` Հայաստանի Հանրապետությունը: Կառուցում ենք հաղթահարելով մեկը մյուսից դժվար ու դաժան մարտահրավերներ: Կառուցում ենք, դիմակայելով աղետ ու պատերազմ, շրջափակում ու ճգնաժամ»,- ասել է նա:

«Ասել, թե 20 տարում հասել ենք կատարելության, իհարկե չի կարելի, սակայն ամեն ինչ համեմատության մեջ է գնահատելի: Պատմության համար ակնթարթ, բայց մեզ համար երկար, բարդ, բայցև շատ հետաքրքիր 20 տարիները եղան կորուստների, փնտրտուքի, հաջողությունների ու նվաճումների տարիներ: Այսօր ունենք կայացած պետական կառավարման համակարգ, ունենք բանակ, որով ուղղակի կարելի է հպարտանալ և մենք հպարտանում ենք, թափ հավաքող քաղաքացիական հասարակություն և ժամանակակից պետության բոլոր հաստատությունները: Սակայն ձեռք բերածով գոհանալ անկարելի է: Եվ շարունակում ենք ամրացնել մեր պետությունը` ամեն օր, քայլ առ քայլ ու հետևողականորեն»,- նշել է Սարգսյանը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---