27 սեպտեմբերի 2011 - 09:11 AMT
Դիեգո Պինտո. Արդյո՞ք ԵՄ-ն ակտիվություն հանդես կբերի ղարաբաղյան հիմնահարցի լուծման մեջ, ցույց կտա ժամանակը

«Կարծում եմ` արդարացի կլինի ասել, որ Եվրամիությունում շատերը ձգտում են ԵՄ դերը բարձրացնել հարավկովկասյան տարածաշրջանում»,- հայտարարել է Եվրոպական շարժման գլխավոր քարտուղար Դիեգո Պինտոն PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում:

Պինտոյի խոսքով, Հարևանության քաղաքականության և Արևելյան գործընկերության ծրագրերի շրջանակներում ձեռնարկվել են շատ կարևոր քայլեր քաղաքական երկխոսություն հաստատելու, կառուցվածքային բարեփոխումներ իրականացնելու, ազատ տեղաշարժվելու առումով: Նա նշել է, որ Հայաստանի և Ադրբեջանի հետ մուտքի արտոնագրի ռեժիմի դյուրացման բանակցությունները վկայում են Հարավային Կովկասում ԵՄ դերի բարձրացման մասին:

Պատասխանելով Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորի հայտարարությունների վերաբերյալ հարցին այն մասին, որ ղարաբաղյան հակամարտության լուծումը ԵՄ մտնելու ճանապարհ է, Պինտոն պատասխանել է. «Արդյոք ԵՄ-ն ակտիվություն հանդես կբերի ղարաբաղյան հիմնահարցի լուծման մեջ, ցույց կտա ժամանակը»:

Պինտոն կոչ է արել բոլորին ավելի իրատեսական լինել և հաշվի առնել նաև այն, որ ռազմատենչ հռետորությունն ուժեղացել է, ինչպես նաև ավելացել են հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը և երկու երկրների միջև սպառազինությունների վազքն աճում է: «Այս առումով պատերազմ սկսելու հավանականությունը բավական մեծ է»,- ասել է նա: