27 սեպտեմբերի 2011 - 11:42 AMT
Թեհրանի «Արարատ» կազմակերպությունն արժանացավ ՀՀ մշակույթի նախարարության պատվոգրին

Երկուշաբթի` սեպտեմբերի 26–ին, Թեհրանում Հայաստանի Հանրապետության դեսպանատանը կազմակերպված միջոցառման ընթացքում, ՀՀ անկախության 20–ամյակի առթիվ, Թեհրանի Հայ մշակութային «Արարատ» կազմակերպությունը (Հ.Մ.Ա.Կ.), պարգևատրվեց ՀՀ մշակույթի նախարարության պատվոգրով, հայտնում է կազմակերպության հանրային կապերի բաժինը:

Նույն առիթով, և դիվանագետ Գառնիկ Բադալյանի հեղինակած և նոր լույս ընծայված՝ «Իրան հանրագիտարան» գրքի շնորհահանդեսի ընթացքում, Իրանում՝ ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Գրիգոր Առաքեզյանը, իրանահայ մշակութային համայնքի, լրագրողների և մտավորականության ներկայությամբ, պետական պարգևը հանձնեց Հ.Մ.Ա.Կ.–ի նախագահ՝ Համլետ Խալոյանին։

Հանդիսությանը ներկա էր նաև Թեհրանի Հայոց Թեմի առաջնորդ Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսյանը։

Պարգևատրվեցին նաև Շերլի Ավետյանը, Ահմադ Նուրիզադեն և Արմինե Հովսեփյան– Վահրամյանը։