27 սեպտեմբերի 2011 - 14:06 AMT
Արմեն Պողոսյանն առաջարկում է ՀԴՄ կտրոնների վիճակահանությամբ խաղարկել ոչ միայն ավտոմեքենաներ

Հայաստանի Սպառողների ասոցիացիայի նախագահ Արմեն Պողոսյանն առաջարկում է բնակչության մեծ մասին մասնակից դարձնել Հսկիչ-դրամարկղային մեքենաների կտրոնների վիճակահանությանը: «ՀԴՄ կտրոնների համակարգի ներմուծումը կարևոր նշանակություն ունի, քանի որ ուղղված է «ստվերային» շրջանառության կրճատմանը, ինչը թույլ է տալիս պետբյուջեում ավելացնել հարկային վճարումները»,- ասել է Պողոսյանը Երևանում մամլո ասուլիսում:

Այդ առումով Պողոսյանը հաղորդել է, որ շուրջ երեք տարի վիճակահանության հանձնաժողովի անդամ է և կարող է հաստատել, որ քաղաքացիների հետաքրքրությունը զգալիորեն նվազել է: «Դա կապված է նրա հետ, որ խաղարկվում են միայն ավտոմեքենաներ: Ասոցիացիայի նախագահը կարևորել է, որ հաղթողների համար սահմանվեն դրամական մրցանակներ, ինչը թույլ կտա շահում ապահովել շուրջ 3000 մարդու համար»: