27 սեպտեմբերի 2011 - 14:10 AMT
Ֆրանսիան, ի վերջո, կընդունի՞ Ցեղասպանության ժխտման համար պատասխանատվության մասին օրինագիծը

Ֆրանսիայի սոցիալիստական կուսակցությունից նախագահի թեկնածու Ֆրանսուա Հոլլանդը հայտնել է, որ Սենատում կառաջադրի «Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվության սահմանման մասին» օրինագծի ընդունման հարցը: Այդ մասին Հոլլանդը հայտնել է` ելույթ ունենալով Ալֆորվիլ քաղաքում հայ համայնքի առջև: Ինչպես PanARMENIAN.Net-ին հաղորդել է ֆրանսիացի անկախ լրագրող Ժան Էքիյանը, Հոլլանդն ասել է. «Ես Սենատին կխնդրեմ կրկին քննարկել Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվության մասին օրինագիծը»:

Ֆրանսիան Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչել է 2001 թվականին: 2006թ. հոկտեմբերի 12-ին Ֆրանսիայի Ազգային Ժողովն ընդունել է Հայոց ցեղասպանության ժխտման քրեականացման մասին օրինագիծը, սակայն Սենատը հրաժարվել է հաստատել այն: