
«Դեպքի վայրի զննությամբ նրանց սեփական տան սենյակներում հայտնաբերվել են Քրիստոսի` գետնին նետված և ջարդված նկարներ»,- գրել է Դատախազությունը սեպտեմբերի 25-ին տեղի ունեցած ահասարսուռ դեպքի առթիվ. Դիլիջան քաղաքի բնակչուհի, երկու երեխաների մայր Գայանե Մնացականյանն իր տան միջանցքում պարանով կախվելու միջոցով ինքնասպանություն էր գործել, իսկ վերջինիս 23-ամյա դուստրը և 25-ամյա որդին փորձել են հետևել մոր օրինակին, սակայն չեն «հաջողել»:
Արդեն քանի տարի է Հայաստանում մարդիկ ինքնասպան են լինում, սեփական երեխաներին են սպանում ու հաճախ որպես դրդապատճառ բարեկամներն ու հարևանները նշում են կրոնական տարբեր կազմակերպություններ հաճախելը։ Սակայն, եթե նախկինում այդ խոսակցությունները զուտ խոսակցություններ էին և իրեղեն ապացույցները գրեթե միշտ բացակայում էին, իսկ աղանդներն էլ մեկը մյուսի հետևից հրաժարվում էին իրենց մեղքն ընդունել, ապա այս դեպքում, իհարկե չենք ուզում ոստիկանությունից առաջ ընկնել, կարծես թե կապն ակնհայտ է։
Այս «ակնհայտությունն» էլ է ոմանց մոտ կասկածի տեղիք տալիս, թե ինչո՞ւ նախկինում այս ամենն այսքան ակնհայտ չէր, կամ էլ մի՞թե մինչ այս դեպքը ինքնասպանություն գործողները այնքան շատ էին հոգում իրենց աղանդավոր «քույրերի ու եղբայրների» մասին, որ նախորոք վերացնում էին բոլոր իրեղեն ապացույցները։ Արդեն այսօր սկսել են շշուկներ պտտվել, թե ոստիկանությունն ինքն է այդ նկարները «նետել դեպքի վայրում»։ Կա կարծիք, ըստ որի այս կերպ փորձում են կոծկել այն փաստը, որ ինքնասպանության դրդել են ոչ թե կրոնական հայացքները, այլ սոցիալական ծանրագույն պայմանները։ Չեմ կարծում, քանի որ սոցիալական խնդիրների մասին խոստովանելը կրոնական առանց այդ էլ անհանդուրժող միջավայրը ավելի թեժացնելուց «ձեռնտու» է։ Իսկ այսկերպ մտածել և նման շշուկները տարածել կարող էին միայն աղանդավորները։ Փաստ է, որ նկարներ եղել են։ Իսկ Քրիստոսի նկարներն անարգել աղանդավորներն իհարկե կարող էին։ Դրանից հետո ինքնասպան լինելու ընդունա՞կ են. միանշանակ, քանի որ հոգեբանները բազմիցս են զգուշացրել, որ աղանդավորական հավաքները խաթարում են մարդու հոգեբանությունը։ Աղանդները բոլորիս գլխին պատուհաս են դարձել։ Նրանք շարունակում են գործել անարգել, քարոզել ամենուր՝ այգիներում, շքամուտքերում, փողոցներում, համալսարաններում։ Նրանք ելույթ են ունենում հանրային քննարկումներում, պահանջում են պաշտպանել իրենց ոտնահարված իրավունքները։ Իսկ մենք շարունաում ենք հանդուրժել, շարունակում ենք լուռ կարդալ ինքնասպանությունների ու սպանությունների մասին, որոնք գնալով ավելի հաճախակի ու էլ ավելի սարսափելի են դառնում։
«Խղճի ու կրոնի ազատության մասին» օրենքի նոր նախագծի շուրջ քննարկումներն ու բանավեճերը դեռևս չեն հանդարտվել, իսկ «ընտանեկան ինքնասպանությունները» շարունակվում են։