Հայ-թուրքական Արձանագրություններ 2. Մեկ դերասանի թատրոն

Հայ-թուրքական Արձանագրություններ 2. Մեկ դերասանի թատրոն

PanARMENIAN.Net - Հայ-թուրքական Արձանագրությունները վերադարձվել են Թուրքիայի խորհրդարանի օրակարգ, ինչը հայկական կողմի համար անակնկալ չէր: Հայաստանում այդ տեղեկատվությունն ընդունեցին ավելի քան հանգիստ՝ իլյուզիաներ չկառուցելով և ուղղակի փորձելով պարզել, թե հատկապես ինչի համար են դրանք վերադարձվել:

Առաջադրվում են մի քանի վարկածներ: Մի վարկածի համաձայն Արձանագրությւնները վերադարձվել են խորհրդարան արտաքին ճնշման տակ, քանի որ Արևմուտքին, որը փորձում է Հայաստանը հաշտեցնել Թուրքիայի հետ և ազատվել թեկուզ մեկ գլխացավից, դուր չեկավ Արձանագրությունները խորհրդարանի օրակարգից հանելը: Ինչպես արդարացի կերպով նշել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, ելույթ ունենալով ՄԱԿ ԳՎ 66-րդ նստաշրջանում, «եթե Թուրքիայի իրական դեմքը հայտնի էր հային, աշխարհի որ անկյունում էլ որ նա լինի, հիմա, նշված գործընթացի արդյունքում Թուրքիայի դեմքը երևաց ողջ աշխարհին»: Մյուս կողմից, Արձանագրությունները ճնշման հիանալի լծակ են, առաջին հերթին, Ադրբեջանի վրա: Ընդհանրապես Հայաստանի հետ Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործընթացն Ադրբեջանին մանիպյուացիայի ենթարկելու լավ միջոց է: Ահա և Արձանագրությունները խորհրդարան վերադարձնելը «համընկավ» Բաքվին ուղղված կոչերին Թուրքիայի հակաիսրայելական քաղաքականությանը միանալու մասին: Անկարան պատճառաբանում է այդ կոչերը նրանով, որ Բաքուն պետք է «նկատի ունենա Թուրքիայի տարածքով նավթ մատակարարելու ընթացքում խնդիրներ առաջանալու հնարավորությունը՝ նկատի ունենալով «Բաքու-Թբիլիսի-Ջեյխան» նավթամուղը: Վերոհիշյալ նավթատարով Իսրայել առաքվող նավթը կազմում է Իսրայել ներկրվող նավթի ընդհանուր ծավալի 10-20 տոկոսը:

Մոտավորապես նույնքան նավթ մատակարարվում է Իսրայել Ղազախստանի միջոցով նույնպես Թուրքիայի տարածքով:

Եվ, չնայած նրան,որ Ադրբեջանը և Իսրայելը ռազմավարական գործընկերներ են, իսկ նրանց միջև ապրանքաշրջանառությունը 2010-ին կազմել է 2 մլրդ դոլար, ինչը երկու անգամ ավել է Բաքվի և Անկարային միջև ապրանքաշրջանառությունից, Բաքուն հազիվ թե կարողանա «ոչ» ասել Թուրքիային:

Փոխարենը Անկարան խոստանում է Ադրբեջանին, որ եթե նման հնարավորություն լինի, կնպաստի «բռնազավթված ադրվեջանական տարածքների ազատագրմանը»:

Միաժամանակ ավելորդ չէ նշել, որ այս անգամ Ադրբեջանում, որը, մեղմ ասած, շատ դժգոհ է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացից, բացարձակ լռություն է տիրում: «Մեծ եղբոր» հասցեին և Արձանագրությունները վերադարձնելու վերաբերյալ Բաքուն դեռ ոչ մի բառ չի ասել:

Բայց վերադառնանք թեմային. այդ լծակի օգնությամբ Թուրքիան պարբերաբար փորձում է ճնշում գործադրել Հայաստանի վրա, որպեսզի Երևանը ետ չվերցնի ստորագրությունն Արձանագրություններից: Իսկ Հայաստանի ղեկավարությանը նման կոչով պարբերաբար դիմում են հայ քաղաքական ուժերը: Օրինակ, վերջերս ընդդիմադիր ՀՅԴ և «Ժառանգություն» կուսակցությունների ներկայացուցիչները ՀՀ ԱԺ նիստում հանդես են եկել Արձանագրությունները խորհրդարանի օրակարգից հանելու պահանջով, ինչը ադեկվատ պատասխան կլինի թուրքական կողմի որոշմանը:

Տպավորություն է ստեղծվում, որ Արձանագրությունների հետ կապված ողջ պատմությունը Թուրքիայի համար թատրոն է, որը մեկ նպատակ է հետապնդում՝ արդարացնել Արևմուտքի սպասումները և ցույց տալ, որ Իրաքում քրդերին ռմբակոծող, Սիրիայի վրա ճնշում գործադրող, Իսրայելի հետ հակամարտող, Կիպրոսի շրջափակումը սկսած և նրան պատերազմով սպառնացող Թուրքիան իրականում խաղաղության ձգտող պետություն է «զրո խնդիրներ հարևանների հետ» դիրքորոշմամբ:

Հայաստանում այդ թատրոնին չեն «խաբվում»՝ իրերը կոչելով իրենց անուններով: «Կրկին անգամ Հայ-թուրքական արձանագրությունների ընդգրկումը Թուրքիայի խորհրդարանի օրակարգում թուրքական վերնախավի էժանագին հնարքն է»,- հայտարարել է Հայաստանի Հանրապետական կուսակցության մամլո քարտուղար Էդուարդ Շարմազանովը: Եվ ամենայն հավանականությամբ, նույնպիսի հնարք, ինչպիսին էր Արձանագրությունները ստորագրելը, քանի որ Անկարայում, չնայած Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու մասին բոլոր հայտարարություններին, ամենասկզբից գիտեին. ստորագրությունը ստորագրություն, բայց Արձանագրությունները չեն վավերացվի: Ամեն դեպքում տեսանելի ապագայում:

Միաժամանակ, Երևանում չեն բացառում, որ Թուրքիան կարող է օգտագործել Արձանագրությունները որպես առևտրի առարկա, հետաձգելով դրանք մինչև 2015 թ.՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի 100-ամյակ: Ճիշտ է, դեռ հասկանալի չէ, թե հատկապես ինչ է պահանջելու Թուրքիան Արձանագրությունների համար: Ցեղասպանության միջազգային ճանաչումից հրաժարվե՞լ: Բացարձակ անմտություն...

Ամեն դեպքում Երևանում քաղաքական գործիչները և փորձագետները համամիտ են մեկ հարցում. Թուրքիան չի պատրատսվում վավերացնել Արձանագրությունները, և նշանակում է, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում ոչ մի առաջընթաց չի սպասվում: Եթե, իհարկե, հերթական արևմտյան «խաղաղապահը» չորոշի գործընթացը սկսել զրոյից:

Մարինա Անանիկյան / PanARMENIAN News
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---