27 սեպտեմբերի 2011 - 21:16 AMT
Մարզպետները քննարկել են մարզերի առաջնահերթ խնդիրների լուծման երկրորդ ծրագրին առնչվող հարցեր

Հայաստանի փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանի մոտ այսօր մարզպետների մասնակցությամբ հերթական խորհրդակցությանը քննարկվել են մարզերի առաջնահերթ խնդիրների լուծման երկրորդ ծրագրին առնչվող հարցեր: Փոխվարչապետը մարզպետներին հանձնարարել է առաջիկա օրերի ընթացքում ամփոփել և ՏԿ նախարարություն ներկայացնել առաջարկությունները` երկրորդ ծրագրում ընդգրկելու համար:

ՏԿՆ-ից հայտնում են, որ փոխվարչապետը նաև հորդորել է ուշադրության կենտրոնում պահել առաջին ծրագրի ընթացքը, հետևել շինարարական աշխատանքների որակին և ժամանակացույցին: Ծրագրով նախատեսված աշխատանքները կավարտվեն մինչև հոկտեմբերի վերջը:

Անդրադարձ է եղել հոկտեմբերին անցկացվելիք մարդահամարի նախապատրաստական աշխատանքների ընթացքին: Մարզպետները վստահեցրել են, որ արդեն իրականացված են անհրաժեշտ աշխատանքները գործընթացը պատշաճ մակարդակով իրականացնելու համար: