
Եվրամիության արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Քեթրին Էշթոնը դատապարտել է «հրեական «Գիլո» բնակավայրում» 1 100 միավոր բնակարան կառուցելու` իսրայելյան իշխանությունների որոշումը, գրում է ZMAN-ը:
Ինչպես նշել է Էշթոնը, ելույթ ունենալով Ստրասբուրգում Եվրախորհրդարանի հերթական նստաշրջանում, այդ որոշումը «զգալիորեն նվազեցնում է խաղաղ բանակցությունների վերսկսման հնարավորությունը»:
«Իսրայելը պետք է խուսափի միակողմանի քայլերից, որոնք կարող են խանգարել Մերձավոր Արևելքում վերջնական քաղաքական կարգավորմանը»,- հայտնել է ԵՄ գերագույն հանձնակատարը:
Երուսաղեմի կառուցապատման հանձնաժողովը մտադիր է հաստատել այսպես կոչված «կանաչ սահմանից» անդին գտնվող Գիլո մայրաքաղաքային թաղամասում Հրեական ազգային հիմնադրամի (ՀԱՀ) կողմից սուբսիդավորվող 1 100 միավոր բնակարանների կառուցման նախագիծը: Այս մասին սեպտեմբերի 27-ին հաղորդել են իսրայելյան լրատվամիջոցները: Նախագիծը նախատեսում է նաև զբոսայգու, հասարակական շենքերի և առևտրի կենտրոնի կառուցում: