28 սեպտեմբերի 2011 - 12:10 AMT
Արցախյան ձմերուկի կորիզը արտահանելու են Գերմանիա

Արցախում արդյունաբերական նպատակներով ձմերուկ են աճեցնում: Քաշաթաղի շրջանի հարավում`Կովսականում, Բելգիայից ժամանած ազգությամբ ասորի Պոլ Ալագաչը փորձնական 140 հեկտար ձմերուկ է ցանել և որոշել շարունակել գործը, մնալ Արցախում, մեծացնել ցանքատարածությունները: Այս մասին իմանում ենք Նորայր Հովսեփյանի հոդվածից` տպագրված «Ազատ Արցախ» հանրային թերթում:

Ինչպես հաղորդում է ArtsakhNews լրատվական կայքը, աճեցվում է հատուկ տեսակի ձմերուկ, որից օգտագործվում են կորիզները: Հեկտարից, որպես կանոն, ստանում են մեկուկես տոննա բերք: Կառուցվելիք չորանոցներում կորիզները կչորացվեն, ապա կարտահանվեն Գերմանիա, որտեղ էլ տեղի կունենա վերջնական վերամշակումը: 35-50 գյուղացի է աշխատել Կովսականի ձմերուկի դաշտերում` չորս հազար դրամ օրավարձով: Ասորի հողօգտագործողը մտադիր է ավելացնել իր ցանքսատարածությունները մինչև 500-600 հեկտար: Նա մտադիր է չսահմանափակվել ձմերուկի արտադրությամբ, շուտով կհիմնվեն մրգի և բանջարեղենի չորացման արտադրամասեր: