28 սեպտեմբերի 2011 - 12:29 AMT
Արթուր Բաղդասարյան. ԵՄ հետ մուտքի արտոնագրի ռեժիմի պարզեցումը մեծ քաղաքական նշանակություն ունի Հայաստանի համար

Երևանում կայացել է Հայաստանում Եվրամիության Խորհրդատվական խմբի խորհրդի նիստը Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի և ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Ռաուլ դե Լուցենբերգերի նախագահությամբ: «Ցանկանում եմ արձանագրել, որ վերջին երեք ամիսներին Հայաստան-ԵՄ քաղաքական համագործակցության շրջնակներում մենք ունենք բավական բուռն և դրական զարգացումներ»,- հայտարարել է Արթուր Բաղդասարյանը:

Նա նշել է, որ ԵՄ-ն բավական դրական է գնահատել Հայաստանում ներգաղթի քաղաքականության պետական հայեցակարգը, հարկային և մաքսային ոլորտներում բարեփոխումները, պետսահմանների համալիր կառավարման ռազմավարությունը, ինչպես նաև նշել Հայաստանի և Վրաստանի միջև պետական սահմանի արդիականացումը:

Բաղդասարյանը գոհունակությամբ նշել է, որ սեպտեմբերի 19-ին Եվրահանձնաժողովը որոշում է ընդունել մեկնարկ տալ Հայաստանի հետ մուտքի արտոնագրի ռեժիմի դյուրացմանը. «Կարծում եմ, որ մոտ ապագայում մեր քաղաքացիները կկարողանան պարզեցված կարգով մեկնել ԵՄ երկրներ»: Նա նշել է, որ դա ունենալու է մեծ քաղաքական և հասարակական նշանակություն Հայաստանի համար: