28 սեպտեմբերի 2011 - 12:46 AMT
Քահանա. Ամենավտանգավորը հոգու մահվան մասին քարոզող աղանդներն են

Ամենավտանգավորը այն աղանդներն են, որոնք քարոզում են՝ հոգին մահանում է մարմնի հետ միաժամանակ։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը, խոսելով վեջերս կրոնական հողի վրա գրանցվող ինքնասպանությունների ավելացման մասին, ասաց Արաբկիր համայնքի հոգևոր հովիվ Տեր Բաբկեն քահանա Հայրապետյանը։

«Աղանդավորները քարոզում են, որ հոգին մահանում է մարմնի հետ միաժամանակ։ Ու մարդիկ մտածում են, որ եթե ինքնասպանություն գործեն, այդ կերպ կազատվեն այս կյանքի անարդարություններից, զրկանքներից»,- մանրամասնեց քահանան՝ նշելով, որ շատ հաճախ աղանդավորների առաջնորդներն իրենք էլ չեն գիտակցում, որ ինքնասպանություն են քարոզում։

«Ինքնասպանությունը չարն է, որը դարերի ընթացքում նրբացրել, մեղմացրել է իր գործելավոճը, ու հիմա գալիս են տարբեր խմբավորումներ, պատմում են Աստծո արքայության մասին, հրավիրում են իրենց շարքերը ու հաճախ իրենք էլ չեն գիտակցում, որ ինքնասպանություն, հեշտ ազատում են քարոզում»,- ասաց Տեր Բաբկենը։ Նա նշեց, որ եկեղեցին մերժում է ինքնասպանությունն ու այն գործողներին, եթե միայն չի պարզվում, որ մահացածը եղել է հոգեկան հիվանդ։ Այդ դեպքում եկեղեցին կատարում է հոգեհանգստյան արարողությունը. «Ըստ Ավետարանի, ինքնասպանությունը ամենամեծ մեղքն է Աստծո առջև։ Հուդան դավաճանեց Քրիստոսին, հետո ինքնասպան եղավ ու դարձավ կորած հոգի»։

Քահանան նշեց, որ կրոնական հողի վրա ինքնասպանությունները չեն շատացել, պարզապես հիմա սկսել են գիտակցել ՝ աղանդներն իրոք վտանգավոր են։ Ըստ քահանայի, ժամանակին աղանդավորական շարժումների վրա աչք են փակել, մտածել՝ քամի է, կգա ու կանցնի։ Այսօր արդեն պետք է քայլեր ձեռնարկել, սակայն ոչ թե վախենալ, այլ ընդունել որպես մարտահրավեր։