28 սեպտեմբերի 2011 - 13:37 AMT
Բեռլինում Հայաստանի և Գերմանիայի ԱԳՆ-երի միջև տեղի ունեցան քաղաքական խորհրդատվություններ

Սեպտեմբերի 27-ին Բեռլինում Հայաստանի և Գերմանիայի արտգործնախարարությունների միջև տեղի ունեցան խորհրդատվություններ արտաքին քաղաքականության տեղեկատվական ապահովման թեմայով:

Խորհրդատվությունների շրջանակներում ԱԳ նախարարի խորհրդական, մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Տիգրան Մկրտչյանը և ԱԳՆ մամլո քարտուղար Տիգրան Բալայանը հանդիպումներ ունեցան Գերմանիայի արտգործնախարարության մամուլի ծառայության ղեկավարության և աշխատակիցների հետ, ծանոթացան իրենց գերմանացի գործընկերների կողմից տարվող աշխատանքներին, քննարկեցին համագործակցության հնարավորությունները:

Բեռլինում հանդիպումներ տեղի ունեցան նաև Գերմանիայի ԱԳՆ Հարավային Կովկասի բաժնի ղեկավարների, ինչպես նաև ԱԳՆ Ճգնաժամային իրավիճակների արձագանքման կենտրոնի տնօրինության հետ: