28 սեպտեմբերի 2011 - 13:42 AMT
Հովհաննես Սահակյան. Ս.Սարգսյանի ռեսուրսը կբավականացնի նախագահի պաշտոնում օրինական ճանապարհով ընտրվելու համար

Հայաստանի գործող նախագահն այնքան «թույլ է», որ նախագահի պաշտոնում վերընտրվելու համար նրան հարկավոր կլինեն Ռոբերտ Քոչարյանի կամ Լևոն Տեր-Պետրոսյանի ռեսուրսնեը: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը: Ըստ նրա, կառավարության ու վարչապետ Տիգրան Սարգսյանի պատճառով Սերժ Սարգսյանի դիրքերը բավականին թուլացել են:

Իր հերթին հանրապետական պատգամավոր Հովհաննես Սահակյանը համամիտ չի եղել Հովհաննիսյանի հետ՝ ասելով, որ ժամանակին և Լևոն Տեր-Պետրոսյանը, և Ռոբերտ Քոչարյանը օգտվել են Սերժ Սարգսյանի ռեսուրսից: «Սերժ Սարգսյանի ռեսուրսը կբավականացնի նախագահի պաշտոնում օրինական ճանապարհով ընտրվելու համար»,-ասել է Սահակյանը:

Իր հերթին Հմայակ Հովհաննիսյանը նշել է, որ Սահակյանի ասածը չի համապատասխանում իրականությանը, քանի որ ժամանակին ներկայիս հանրապետականները դեմ էին Սերժ Սարգսյանին: Նա նաև նշել է, որ Ռոբերտ Քոչարյանը ՀՀ նախագահ դարձավ ոչ թե Սերժ Սարգսյանի, այլ Լևոն Տեր-Պետրոսյանի ռեսուրսի շնորհիվ, քանի որ նա էր այն ժամանակ երկրի նախագահը: