ՄԱԿ-ի հսկողության աշխատակից. Էրդողանի թիկնապահներն իրենց պահում էին բանդիտների պես

ՄԱԿ-ի հսկողության աշխատակից. Էրդողանի թիկնապահներն իրենց պահում էին բանդիտների պես

PanARMENIAN.Net - Մամուլում հայտնվել է կռվի տեսագրություն, որը տեղի է ունեցել ՄԱԿ-ի կենտրոնական գրասենյակում Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի թիկնապահների և ՄԱԿ-ի կենտրոնական գրասենյակի թիկնապահների միջև: Ուշանալով Պաղեստինի ազգային վարչակազմի ղեկավար Մահմուդ Աբբասի ելույթից` Էրդողանը որոշել է անցնել ոչ թե նախատեսված երթուղով, այլ ուղիղ ճանապարհով, սակայն նրա ճանապարհը կտրել են ՄԱԿ-ի հսկողության աշխատակիցները: Թիկնապահների կռվից հետո, որին Էրդողանն անձամբ չի մասնակցել, նա ստիպված է եղել, այնուամենայնիվ, նիստերի դահլիճ շարժվել սահմանված երթուղով:

Տեսագրությունը հայտնվել է The New York Post ամերիկյան թերթի ձեռքում: Պարբերականը պարզել է նաև, որ կռվի արդյունքում վնասվածքներ են ստացել ՄԱԿ-ի թիկնապահները, քանի որ նրանք կոպիտ ուժ կիրառելու իրավունք չունեն, բացի դրանից, Էրդողանի թիկնապահները դիվանագիտական անձեռնմխելիություն ունեն, ուստի նրանց անհնար էր անգամ բերման ենթարկել:

Ըստ երևույթին, թուրքերն օգտվել են այդ առավելություններից, ինչի արդյունքում ՄԱԿ-ի երկու թիկնապահ է տուժել. հսկողության մի բարձրաստիճան աշխատակիցը հիվանդանոց է տեղափոխվել կողոսկրերի վնասվածքներով, իսկ նրա գործընկերը արմունկով հարված է ստացել կրծքավանդակին:

«Նրանք իրենց պահում էին բանդիտների պես»,- հայտնել է աղբյուրը ՄԱԿ-ի հսկողության շրջանակից: Մեկ այլ ականատես հաղորդել է, որ Էրդողանի թիկնապահներից մեկն իր վերակացուի աչքի առաջ բռնել է ՄԱԿ-ի հսկիչ կնոջը և դեն նետել նրան, որից հետո նրա գործընկերները նետվել են թուրքական թիկնապահների վրա:

Foreign Policy կայքում բլոգի հեղինակը նշում է տեսագրության վատ որակը և հույս հայտնում, որ ԶԼՄ-ում կհայտնվի նաև վերահսկողության տեսախցիկների ձայնագրությունը, որոնք պետք է գտնվեին այդպիսի խիստ հսկվող գոտում:

ՄԱԿ-ի ղեկավարությունը միջադեպին մասնակցած հսկիչներին արձակուրդ է ուղարկել մինչև հետաքննության ավարտը: Սակայն նրանց արհմիությունը բողոք է հայտնել, ինչի արդյունքում այդ որոշումը չեղյալ է հայտարարվել, և հսկիչները ծառայության են վերադարձել: Հետաքննությունը շարունակվում է, հաղորդում է Newsru.com-ը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---