Հայաստանի անկախության 20-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների շրջանակներում սեպտեմբերի 25-ին Հայ Առաքելական եկեղեցու Արգենտինայի Կենտրոնական վարչության կողմից և Արգենտինայում ՀՀ դեսպանության հովանավորությամբ Բուենոս Այրեսի «Սիրանույշ» հանդիսությունների սրահում կազմակերպվել է Հայաստանի և Արցախի անկախության 20-րդ տարեդարձերին նվիրված միջոցառում։
Միջոցառմանը ներկա են եղել Հայ Առաքելական եկեղեցու և Հայ Կաթոլիկ եկեղեցու առաջնորդները, արգենտինահայ համայնքի քաղաքական, հասարակական կառույցների և միությունների ղեկավարներ ու ներկայացուցիչներ:
Հանդիսությանը ելույթ է ունեցել Արգենտինայում ՀՀ դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանը, ով ներկայացրել է հայկական պետականության անցած 20-ամյա ուղին, հայ ժողովրդի առջև ծառացած խնդիրներն ու ձեռքբերումները, անդրադարձել է հայ-արգենտինական հարաբերությունների վերջին զարգացումներին: Նա ընդգծել է Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության ամրապնդման կարևորությունը Հայաստանի և հայության առջև ծառացած մարտահրավերների լուծման գործում:
Դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանը ՀՀ սփյուռքի նախարարության պատվո հուշագրեր և շքանշաններ է հանձնել արգենտինահայ համայնքային կառույցների մի շարք ղեկավարների, արգենտինահայ մշակութային գործիչների և լրագրողների: Միջոցառումն ավարտվել է համերգով` արգենտինահայ համայնքային կառույցների պարախմբերի և երաժշտական համույթների մասնակցությամբ: