Ալեսանդրո Սաֆինան վիրավորվեց հայ լրագրողների հարցերից

Ալեսանդրո Սաֆինան վիրավորվեց հայ լրագրողների հարցերից

PanARMENIAN.Net - Հայտնի իտալացի տենոր Ալեսանդրո Սաֆինան, ով սեպտեմբերի 29-ին Երևանում հանդես է գալու համերգով, իր երգացանկում ներառել է Շառլ Ազնավուրի հանրահայտ «She» երգը: Սաֆինան լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց, որ չնայած Հայաստանի մասին մեծ չեն նրա տեղեկությունները, ինքը քաջածանոթ է Շառլ Ազնավուրին: Բացի վերը նշված երգից, նա համերգի ժամանակ կատարելու է իտալական հայտնի երգեր, օպերային արիաներ, իր երգացանկից որոշ ստեղծագործություններ և այլն: Համերգին մասնակցելու է նաև իտալացի սոպրանո Աիդան:

Սեպտեմբերի 29-ին Երևանում պետք է ելույթ ունենար հռչակավոր երգչուհի Սեզարիա Էվորան: Վերջերս իր հյուրախաղերի շրջանակում Էվորան ժամանել էր Փարիզ, սակայն նրա առողջական վիճակն այնքան էր վատացել, որ նա որոշել է չեղյալ հայտարարել բոլոր համերգներն ու հրաժեշտ տալ բեմին: Էվորայի փոխարեն Երևանում ելույթ է ունենալու իտալացի տենոր Ալեսանդրո Սաֆինան: Համերգը կազմակերպել է «Chronograph» ժամացույցների և ոսկերչական իրերի խանութ-սրահը իր լավագույն հաճախորդների համար, միայն փոքր քանակությամբ տոմսեր են վաճառքի հանվել հասարակության համար:

Լրագրողներից մեկը նյարդայնացրեց Սաֆինային` հարցնելով, թե ինչ է զգում, որ Էվորայի փոխարեն է երգելու: Տենորն ասաց, որ եթե այստեղ է, ուրեմն ուրախ է: Նմանատիպ ևս մեկ հարցից հետո նա վիրավորված դուրս եկավ սրահից:

Ալեսանդրո Սաֆինան ծնվել է 1963թ-ին Իտալիայի Սիենա քաղաքում: Երաժշտությամբ սկսել է զբաղվել 9 տարեկանից: 17 տարեկանում ընդունվել է Ֆլորենցիայի Լուիջի Կերուբինիի կոնսերվատորիա: Առաջին հաղթանակը տարել է «Concorso Lirico Internazionale» մրցույթում 1989թ-ին: Սկզբնական շրջանում ելույթ է ունեցել ակադեմիական ոճում, կատարել է «Սևիլյան սափրիչ», «Բոհեմ», «Եվգենի Օնեգին» և այլ օպերաների գլխավոր պարտիաները: 1990-ական թվականներից անցում է կատարել «Օպերային ռոք» ժանրին և զբաղվել սկավառակների ձայնագրությամբ: 1999-2007 թ-ի ընթացքում թողարկել է 8 ալբոմ:

9  30.09.11 - Ալեսանդրո Սաֆինայի համերգը Երևանում
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---