Նիկոլյա Սարկոզի. Ֆրանսիան Հայաստանի բարեկամն է և միշտ լինելու է նրա կողքին

Նիկոլյա Սարկոզի. Ֆրանսիան Հայաստանի բարեկամն է և միշտ լինելու է նրա կողքին

PanARMENIAN.Net - Ֆրանսիա կատարած պաշտոնական այցի շրջանակում սեպտեմբերի 28-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզիի հետ: Դիմավորման պաշտոնական արարողությունից հետո տեղի ունեցած զրույցի ընթացքում նախագահները քննարկել են հայ-ֆրանսիական հարաբերությունների զարգացման ընթացքը և հեռանկարները:

Ողջունելով ՀՀ նախագահին` Նիկոլյա Սարկոզին նշել է, որ անհամբերությամբ է սպասում Հայաստան կատարելիք իր պետական այցին, և այցի ձևաչափն ինքնին միտված է ցուցադրելու երկու երկրների հարաբերությունների բացառիկ ջերմությունը:

Նիկոլյա Սարկոզին ընդգծել է, որ Ֆրանսիան Հայաստանի բարեկամն է և միշտ լինելու է նրա կողքին: Ֆրանսիայի նախագահը ողջունել է հանրապետության ղեկավարի գլխավորությամբ Հայաստանում իրականացվող բարեփոխումները: Սարկոզին գոհունակությամբ նշել է, որ Ֆրանսիան Հայաստանում ներդրումների ծավալով երկրորդ երկիրն է, սակայն դրանով չի սահմանափակվելու և շարունակելու է նոր ծրագրերով հանդես գալ:

Սերժ Սարգսյանը նշել է, որ ուրախ է, որ իր այցը Ֆրանսիա կայանում է հատկապես այն ժամանակ, երբ Հայաստանը նշում է անկախության հռչակման 20-րդ տարեդարձը: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը շահագրգռված է Ֆրանսիայի հետ հարաբերությունների հետագա խորացմամբ: «Մենք հպարտ ենք Ֆրանսիայի հետ բարեկամությամբ և անչափ կարևորում ենք մեր երկու երկրների միջև ձևավորված սերտ կապերը»,- ասել է Սերժ Սարգսյանը:

Աշխատանքային ճաշի ընթացքում Հայաստանի և Ֆրանսիայի նախագահներն անդրադարձել են նաև երկու երկրների համագործակցությանը էներգետիկայի, ենթակառուցվածքների զարգացման, կրթության և մշակութային ոլորտներում: Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային խնդիրներին, ինչպես նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորման ներկա փուլին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---