29 սեպտեմբերի 2011 - 10:53 AMT
ՀԱԿ ակտիվիստներին խոչընդոտել են հանրահավաքի իրազեկում անցկացնել Երևանի փողոցներում

Սեպտեմբերի 30-ին սպասվող Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքի մասին իրազեկելիս սեպտեմբերի 28-ին հարձակման են ենթարկվել ՀԱԿ երիտասարդները: Արեգ Գևորգյանը պատմել է «Հրապարակ»-ին, որ իրենց աշխատանքին խոչընդոտել են 7-8 երիտասարդ, որոնց թիվը հետո հասել է մոտ 2 տասնյակի: Խոչընդոտողներից ոմանք, նրա հաղորդմամբ, հարբած են եղել:

Երիտասարդ ակտիվիստներին նրանք հետևել են Հանրապետության հրապարակից, իսկ «Երևան» կինոթատրոնի մոտ զգուշացրել են, որ «իրենց թաղում իրազեկում չանեն»:

Ավելին, հրապարակում, ՀԱԿ-ի ակտիվիստներին քաշքշել են, հարվածել ու թերթիկները նետել շատրվանների մեջ: Իսկ խմբին ուղեկցող լրագրողներ Անի Գևորգյանից և Աշխեն Գրիգորյանից փորձել են խլել լուսանկարչական ապարատները: Արեգի խոսքով, իրենց սադրանքի չեն ենթարկվել և շարունակել են իրենց գործը: Նրանք նկատել են, որ իրենց հետևում է ոստիկանական մեքենա, որը քաշքշուքի պահին անհետացել է: Միջադեպից մոտ 30 րոպե հետո դեպքի վայր են հասել Կենտրոնի ոստիկանները: Երիտասարդները պատրաստվում են հաղորդում ներկայացնել դատախազություն: