29 սեպտեմբերի 2011 - 12:56 AMT
«Լոկոմոտիվի» հոկեիստներին տեղափոխող Յակ-42-ի վթարի պատճառ կարող էին լինել օդաչուների չհամաձայնեցված գործողությունները

«Լոկոմոտիվի» հոկեիստներին տեղափոխող Յակ-42-ի վթարի պատճառ կարող էին լինել օդաչուների, մասնավորապես անձնակազմի հրամանատարի ու երկրորդ օդաչուի, չհամաձայնեցված գործողությունները, հայտնում է «Կոմսոմոլսկայա պրավդան»՝ հղում անելով աղբյուրներին Ռուսաստանի քննչական կոմիտեում:

Ըստ աղբյուրի, թռիչքի պահին խցիկում բարձր կապ չի եղել և կարող էր թյուրըմբռնում առաջանալ: Եթե առաջին և երկրորդ օդաչուները իրար բացառող հրամաններ են տվել ինքնաթիռին, դա կարող էր հանգեցնել նրան, որ բարձրությունը դանդաղ է հավաքվել ու ինքնթիռը բախվել է ալեհավաքի հետ:

Այդ վարկածի օգտին է խոսում նաև թռիչքավայրէջքային ուղում հայտնաբերված Յակ-42-ի արգելակման հետքը: Բացի այդ, քանի որ խոսակցություններ խցիկում չեն տարվել, օդաչուների խոսակցությունները հնարավոր չէ վերականգնել:

Անձնակազմի չհամաձայնեցված գործողությունների ևս մեկ պատճառ կարող էին հանդիսանալ օդաչուների անձնական տարաձայնությունները: Ըստ թերթի, առաջին ու երկրորդ օդաչուն մրցակցում էին և պրոֆեսիոնալ խանդով էին վերաբերվում միյանց՝ երկրորդ օդաչուն նախկինում հրամանատար է եղել:

Մինչ այդ քննությունը պարզել էր, որ Յակ-42-ը սարքին է եղել, բոլոր տեխնիկական պարամետրերը համապատասխանել են նորմերին: Այդ վարկածը հաստատեց նաև ողջ մնացած ինքնաթիռի ինժեներ Ալեքսանդր Սիզովը: Ըստ նրա, ավիատեխնիկայի վերաբերյալ թռիչքի ժամանակ ոչ մի դիտողություն չի եղել:

Յակ-42-ը վթարի ենթարկվեց սեպտեմբերի 7-ին Յարոսլավլի օդանավակայանում: Օդանավում էին 37 հոկեիստներ ու անձնակազմի 8 անդամներ: Ողջ մնացին միայն երկուսը՝ հոկեիստ Ալեքսանդր Գալիմովն ու բորտինժեներ Ալեքսանդր Սիզովը: Սեպտեմբերի 12-ին Գալիմովը մահացավ ստացված այրվածքներից: