19 սեպտեմբերի 2000 - 20:23 AMT
ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿԿԱՅԱՆԱ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ` «ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՒ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ»
19.09.2000. ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ.Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնը (ՌԱՀՀԿ) սեպտեմբերի 27-28-ին Երեւանում անց է կացնելու միջազգային գիտաժողով` «Տարածաշրջանային ու անդրտարածաշրջանային համագործակցության եւ հակամարտությունների կարգավորման հեռանկարները» թեմայով:
ԵԱՀԿ օժանդակությամբ անցկացվելիք գիտաժողովին ակնկալվում է Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Իրանի, Թուրքիայի, Ռուսաստանի Դաշնության, Ամերիկայի Միացյալ Նահանգների, Մեծ Բրիտանիայի, Ավստրիայի, Ուկրաինայի, Բելգիայի եւ այլ տարածաշրջանների երկրների, ինչպես նաեւ միջազգային կազմակերպությունների առաջատար մասնագետների կարծիքների տրամախաչում` հակամարտությունների լուծման, տնտեսական եւ քաղաքական համագործակցության ու տարածաշրջանային անվտանգության նոր չափումների, մեթոդների ու հնարավորությունների կապակցությամբ:
Հայ եւ օտարերկրյա վերլուծաբանները, քաղաքական գործիչները եւ փորձագետները աշխարհաքաղաքական տարաբնույթ մոտեցումների հենքի վրա կանդրադառնան հակամարտությունների կարգավորման եւ տարածաշրջանային համագործակցության հիմնախնդիրներին: -0--