Հայ աստղագետի աշխատությունը ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Աշխարհի հիշողություն» ծրագրի միջազգային ռեգիստրում

Հայ աստղագետի աշխատությունը ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Աշխարհի հիշողություն» ծրագրի միջազգային ռեգիստրում

PanARMENIAN.Net - ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր տնօրենի որոշմամբ և Միջազգային խորհրդատվական կոմիտեի եզրակացության հիման վրա ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Աշխարհի հիշողություն» ծրագրի միջազգային ռեգիստրում (Memory of the World International Register) գրանցվել է աշխարհահռչակ աստղագետ «Բենիամին Մարգարյանի Գալակտիկաների մասին ուսումնասիրությունը»: Այսպիսով, «Աշխարհի հիշողություն» ծրագիրը համալրվել է հայկական երկրորդ փաստագրական ժառանգությունով. 1997 թվականից Հայաստանը ներկայացված էր Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանով:

Ներկայումս «Աշխարհի հիշողության» ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջազգային ռեգիստրն ընդգրկում է 239 անվանում մոտ 100 երկրից, որոնց շարքում են Եվրոպայի ժողովրդների ծագումը նկարագրող 13-րդ դարի Ռադզիվիլների ժամանակագրությունը, 18րդ դարի չինական կայսերական արխիվները, Ազգերի Լիգայի 1919-1946թթ. արխիվները, կոմպոզիտորներ Բեթհովենի, Բրամսի, Շոպենի ստեղծագործությունները, Նիկոլայ Կոպեռնիկոսի աշխատությունները և այլն:

«Բենիամին Մարգարյանի գալակտիկաների մասին ուսումնասիրության» հայտը համատեղ պատրաստվել է Բյուրականի աստղադիտարանի, ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործերով Հայաստանի ազգային հանձնաժողովի կողմից և ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայան է ներկայացվել 2010թ:

ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Աշխարհի հիշողություն» ծրագիրը մեկնարկել է 1992 թվականին` աշխարհում գոյություն ունեցող արխիվների և գրադարանների արժեքավոր հավաքածուների անհետ կորուստը կանխելու նպատակով: Այս ծրագրի շրջանակներում գոյություն ունի «Աշխարհի հիշողության» ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջազգային ռեգիստր: Այդ Ռեգիստրն իրենից ներկայացնում է փաստագրական ժառանգության ցուցակ, որի մեջ ընդգրկված են այն փաստաթղթերը, ձեռագրերը, տեսա-հնչյունային նյութերն ու գրադարանային հավաքածուները և արխիվները, որոնք ճանաչվել են որպես բացառիկ նշանակություն ունեցող արժեքների մարմնավորում և պետք է վկայագրվեն ու պահպանվեն ամբողջ աշխարհի մարդկության համար:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---