Երևանում բացվել է զոհված հայ երկաթուղայինների հիշատակին նվիրված հուշարձանը

PanARMENIAN.Net - Երևանի Էրեբունի վարչական շրջանի Ազատամարտիկների այգում այսօր բացվեց Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմներում, Արցախի ազատագրման ժամանակ զոհված հայ երկաթուղայինների հիշատակին նվիրված հուշարձանը: Հուշարձանը, որի բարձրությունը կազմում է մոտ հինգ մետր, կառուցվել է երկաթուղայինների և հովանավորների կողմից կատարված նվիրատվությունների հաշվին:

Բացման արարողությանը մասնակցել էին «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության գլխավոր ինժեներ Սերգեյ Հարությունյանը, գլխավոր տնօրենի խորհրդատու Վլադիմիր Յակովլեվը, Ազգային Ժաղովի պատգամավոր Հովհաննես Մարգարյանը, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի ռեկտոր Արա Ավետիսյանը, ընկերության աշխատողները, վետերանները, Էրեբունու բնակիչները:

Ինչպես նշեց ընկերության գլխավոր ինժեներ Սերգեյ Հարությունյանը, զոհված երկաթուղայինների հիշատակին նվիրված հուշարձանի բացման գաղափարը ծագել էր դեռ Հայրենական Մեծ պատերազմում Հաղթանակի 65-ամյակից հետո:

«Ընկերությունում աշխատում են 4.3 հազար մարդ և նրանցից շատերն ունեն պատերրազմներին մասնակցած հարազատներ: Մենք որոշել ենք ստեղծել նման մի հուշարձան, որ մարդիկ կարողանան հարգեն իրենց զոհվածների հիշատակը և ծաղիկներ դնեն», - ասաց Ս.Հարությունյանը: Գլխավոր ինժեները նշեց, որ հուշարձանի բացումը ՀԿԵ-ի կարևորագույն սոցալական ծրագրերից մեկն է:

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն առանձնապես կարևորում է նման միջոցառումները, որոնք թույլ են տալիս ամուր կապ ստեղծել տարբեր սերունդների միջև և հարգել Հայրենիքի պաշտպանության ժամանակ զոհվածների հիշատակը:

ՀԿԵ-ն սեփական միջոցներով նախատեսում է նաև բարեկարգել Ազատամարտիկների այգու ամբողջ տարածքը:

ՀԿԵ-ն նման միջոցառումներ է իրականացնում համաձայն Երևանի քաղաքապետարանի հետ կնքված Սոցիալ-տնտեսական համագործակցության մասին պայմանագրի: Այս պայմանագրով նաև նախատեսվում է Հայաստանի մայրաքաղաքի տարբեր շենքերի և շինությունների վերակառուցում և բարեկարգում:

Համաձայնագրի շրջանակներում ՀԿԵ-ն, մասնավորապես, արդեն բացեց նոր «Ալմաստ» կառամատույցը Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում, ինտերակտիվ ուսուցանման դասարանը Հակոբ Կարապենցի թիվ 6 դպրոցում, իսկ քաղաքապետարանի հետ համատեղ իրականացվում է նոր տրանսպորտային հանգույցների ստեղծման ծրագիրը, հաղորդում է ՀԿԵ մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---