Հայաստանի և Ուկրաինայի մաքսային ծառայություններ սերտացնում են համագործակցությունը

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 23-27-ն աշխատանքային այցով Ուկրաինա էր մեկնել ՊԵԿ պատվիրակությունը` կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանի գլխավորությամբ: Այցի ընթացքում ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանը և Ուկրաինայի պետական մաքսային ծառայության նախագահ Իգոր Կալետնիկը ստորագրել են երկու երկրների համապատասխան գերատեսչությունների միջև 2012թ. համատեղ գործողությունների ծրագիր, համաձայն որի նախատեսվում է մաքսային ոլորտում ներդաշնակեցնել երկկողմանի փոխգործակցության իրավապայմանագրային դաշտը, համատեղ պայքար ծավալել մաքսային իրավախախտումների դեմ, պարզեցնել և համահունչ դարձնել երկու երկրների մաքսային ընթացակարգերը, տեղեկատվական ժամանակակից տեխնոլոգիաները լայնորեն օգտագործել տվյալների փոխանակման բնագավառում, ինչը կբացառի կրկնակի մաքսային ընթացակարգերի կիրառումը:

Գալիք տարի համատեղ ծրագրեր կիրականացվեն կադրերի պատրաստման և որակավորման բարձրացման ուղղությամբ: Մասնավորապես, նախատեսվում է հայ մաքսավորների որակավորման բարձրացումը կազմակերպել Ուկրաինայի մաքսային ծառայության Ակադեմիայում, որի երկու լսարանների արդիականացման ու տեխնիկական վերազինման խնդիրը կստանձնի ՊԵԿ-ը: Նաև երկու երկրների մաքսային ծառայողների փոխայցելություններ կկազմակերպվեն մաքսակետեր` տեղում ծանոթանալու Հայաստանի և Ուկրաինայի մաքսային ընթացակարգերի կիրառման առանձնահատկություններին, դրանց պարզեցման և ներդաշնակեցման ուղղությամբ համապատասխան քայլերի իրականացմանը:

ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանն ընդգծել է հայ-ուկրաինական մաքսային համակարգերի համագործակցության բարձր մակարդակը` նշելով, որ այն նոր լիցք է ստացել վերջին երկու տարում` նաև Ուկրաինայի մաքսային համակարգի նոր ղեկավարության ներդրած ջանքերի շնորհիվ:

Ուկրաինայի ՊՄԾ նախագահը ևս շեշտել է համատեղ ջանքերն ակտիվացնելու անհրաժեշտությունը. «Շատ կարևոր էր պարոն Խաչատրյանի այն նախաձեռնությունը, որը վերաբերում է Հայաստանի և Ուկրաինայի միջև դեռ էլեկտրոնային հայտարարագրման փուլում տեղեկատվության փոխանակմանը: Եթե դա հաջողվի` առաջին անգամը կլինի ոչ միայն մեր մաքսային մարմինների գործակցության պատմության մեջ, այլև տարբեր երկրների մաքսային ծառայությունների փոխհարաբերություններում»,- ավելացրել է Իգոր Կալետնիկը:

Մաքսային իրավախախտումների դեմ պայքարի առավել արդյունավետ կազմակերպման բնագավառում պայմանավորվածություն է ձեռք բերվել սերտ համագործակցություն հաստատել ՊԵԿ կինոլոգիական կենտրոնի և ուկրաինական համապատասխան ծառայության միջև: Որպես համագործակցության առաջին գործնական քայլ` ուկրաինացիները հայ գործընկերներին են նվիրել իրենց լավագույն «խուզարկու» շներից մեկի ձագին, որն այսուհետ իր ծառայությունը կանցկացնի Հայաստանի մաքսակետերում:

Այցի ընթացքում ՊԵԿ պատվիրակությունը ծանոթացել է Ուկրաինայի մաքսային ծառայության տարբեր ենթակառուցվածքների աշխատանքներին, ուսումնասիրել եվրոպական առաջավոր փորձը մաքսանենգության դեմ պայքարի բնագավառում, այդ ոլորտում կիրառվող տեխնիկական ժամանակակից նորամուծությունները, հայտնում է ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---