Հայաստանի ղեկավարը ցավում է, որ Ֆրանսիան չի մտնում ՀՀ առևտրատնտեսական գործընկերների առաջին տասնյակի մեջ

Հայաստանի ղեկավարը ցավում է, որ Ֆրանսիան չի մտնում ՀՀ առևտրատնտեսական գործընկերների առաջին տասնյակի մեջ

PanARMENIAN.Net - Պաշտոնական այցի շրջանակներում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 29-ին Ֆրանսիայի գործարարների միությունում աշխատանքային նախաճաշ է ունեցել հայ և ֆրանսիացի գործարարների հետ:

Նախագահը գործարարների հետ հանդիպման ժամանակ իր ելույթում շնորհակալություն է հայտնել այդ կարևոր հանդիպման անցկացման համար:

«Տնտեսական ոլորտում մեր համագործակցությունը պատմական խոր արմատներ ունի: Ֆրանսիացի երկրաբան Ժան Մորգանն առաջինն էր, որ 19-րդ դարում Հայաստանի Ալավերդի կոչվող շրջանում իրականացրեց հանքահետախուզական աշխատանքներ և կազմեց այդ տարածաշրջանի հանքահետախուզական քարտեզը: Եվ այդ ժամանակից ի վեր Հայաստանում պղնձի ձուլումը դրվեց արդյունաբերական հիմքերի վրա: Այսօր էլ Հայաստանում պղնձի և մոլիբդենի արտադրությունը կազմում է մեր տնտեսության մի զգալի մասը: Հայաստանում կառուցված երկաթուղու ինժեներներն էլ են ֆրանսիացիներ, ովքեր այն ժամանակ շատ մեծ, օգտակար աշխատանք կատարեցին Հայաստանի համար: Հայերն էլ իրենց ներդրումն են ունեցել ֆրանսիական տնտեսության զարգացման գործում: Եվ այսօր Ավինյոն քաղաքի կենտրոնում կանգնած է 18-րդ դարի հայազգի գյուղատնտես Ժան Ալթընի, ում անուն ազգանունը Հովհաննես Ալթունյան է, արձանը, ով տորոնի մշակումը ներմուծել է Ֆրանսիա: Այսօր բոլորս ենք հիանում Փարիզի գերող և յուրօրինակ սրճարաններով, սակայն քչերին է հայտնի, որ դեռևս 1672 թվականին այդպիսի սրճարան բացվել է հայազգի գործարար Հարություն Պասկալի կողմից»,- նշել է նախագահն իր խոսքում:

Նրա խոսքով Ֆրանսիայի` հայկական ծագում ունեցող հարյուր հազարավոր քաղաքացիներ այսօր էլ իրենց ստեղծարար աշխատանքով նպաստում են ինչպես Ֆրանսիայի, այնպես էլ Հայաստանի զարգացմանը և ամրապնդում կապերը մեր երկու երկրների միջև:

Անդրադառնալով տնտեսական ներկայի համագործակցությանը՝ Սարգսյանը նշել է. «Անգնահատելի է նաև Ֆրանսիայի դերը անկախ Հայաստանի զարգացման գործում: Հայաստանը մշտապես կարևորել է Ֆրանսիայի հետ առևտրատնտեսական հարաբերությունների խորացումը, ինչին կոչված է նպաստելու նաև մեր այսօրվա հանդիպումը: Ֆրանսիան հանդիսանում է Հայաստանի առևտրային և խոշոր ներդրումային գործընկերը և գրավում է երկրորդ տեղը Հայաստանի տնտեսությունում կատարված ներդրումների ցուցանիշով, որոնք 2011թ. հուլիսի դրությամբ կազմել են գրեթե 700 մլն., ավելի ստույգ՝ 695 մլն դոլար: Հայաստանում գրանցված է 155 հայ-ֆրանսիական համատեղ ձեռնարկություն: Ֆրանսիական ներդրումների հաջողված օրինակներ ունենք գրեթե բոլոր ոլորտներում` հեռահաղորդակցություն, խմիչքների արտադրություն, բանկային գործ, դեղագործություն, բժշկություն, զբոսաշրջություն, գյուղատնտեսություն, թեթև արդյունաբերություն: Հայաստանում ներկայացված են այնպիսի խոշոր ֆրանսիական ընկերություններ, ինչպիսիք են «Կրեդիտ Ագրիկոլ բանկը», «Օրանժը», «Պերնո Ռիկարը», «Ալկատելը», «Գրանթ Թորնթոն Ամիոն»: Կարծում եմ, որ նրանք հաջող ներդրումների դասական օրինակ կարող են ծառայել: Տնտեսական հարաբերությունների զարգացման համար անհրաժեշտ իրավական դաշտը նույնպես ձևավորված է»:

Միևնույն ժամանակ ՀՀ ղեկավարը նշել է, որ պետք է առևտրային կապերը աշխուժանան. «Այն հանգամանքը, որ Ֆրանսիան չի մտնում մեր առևտրատնտեսական գործընկերների առաջին տասնյակի մեջ, ուղղակի, անհարիր է մեր հարաբերությունների մակարդակին»:

Նա նշել է, որ Հայաստանը իրականացնում է մեծ ծրագրեր՝ «Հյուսիս-հարավ» ավտոմայրուղի և երկաթուղի, ատոմակայանի նոր բլոկի շինարարություն և այս ոլորտներում սպասում է ֆրանսիացի գործընկերների ակտիվ մասնակցությանը:

«Սրանք խոշոր, մեծամասշտաբ, մի քանի միլիարդանոց ծրագրեր են, և իհարկե, մենք կցանկանանք, որպեսզի ֆրանսիական ընկերություններն ակտիվ լինեն, մանավանդ որ այդ բնագավառներում ֆրանսիական ընկերությունները կուտակել են բավականաչափ փորձ: Վերջերս գոհունակությամբ տեղեկացա, որ «Ալսթոմ» և «Արեվա» ընկերությունները հետաքրքրված են Հայաստանի տրանսպորտային ենթակառուցվածքների և էներգետիկայի ոլորտներում գործունեություն ծավալելու: Սա շատ ուրախացնող հանգամանք է, եթե այդ տեղեկությունն իրականությանը համապատասխանում է: Եվ, իհարկե, նման օրինակները միայն ողջունելի են ու արժանանալու են մեր ամենայն ուշադրությանը և հոգատարությանը»,- ընդգծել է նա:

Սերժ Սարգսյանը նաև ընդգծել է, որ Հայաստանի ներկա մակրոտնտեսական իրավիճակը կայուն է, ինչը միջազգային հեղինակավոր կազմակերպությունների գնահատականն է, և որ օտարերկրյա ներդրումների ներգրավման նպատակով Հայաստանը հայտարարել է «Բաց դռների» ներդրումային քաղաքականություն և հանգուցային սկզբունքներ են հռչակվել առավել բարենպաստ ռեժիմը:

«Արևելյան գործընկերության մեկնարկը Հայաստան-ԵՄ հարաբերությունները տեղափոխել է որակական նոր մակարդակ: Սա շատ լուրջ նոր հնարավորություններ է բացում նաև հայ-ֆրանսիական գործարար համագործակցության համար: Առաջինը՝ բանակցելու ենք Խոր և համապարփակ ազատ առևտրի գոտի ստեղծելու շուրջ, ինչի արդյունքում կունենանք ԵՄ-ի հետ ինտեգրված և ազատականացված տնտեսական հարաբերությունների համակարգ: Երկրորդ՝ կնքելու ենք վիզային ռեժիմի ազատականացման համաձայնագիր, ինչը կնպաստի հատկապես միջին բիզնեսի փոխշփումներին: Եվ երրորդ՝ եվրոպական կառույցների ֆինանսական և տեխնիկական, փորձագիտական աջակցությամբ նախաձեռնել ենք մեր երկրում խորը բարեփոխումների անցկացում՝ հարկային և մաքսային ոլորտ, դատական համակարգ, գործարար ընթացակարգերի թեթևացում, ինչը միայն ու միայն հեշտացնելու է ձեր աշխատելու հնարավորությունները, իհարկե, նաև՝ հայ գործարարների հնարավորությունները:

Մեր ֆրանսիական բարեկամներին կոչ եմ անում ակտիվ համագործակցություն հաստատել հայ գործարարների հետ: Անշուշտ չթերագնահատելով գործարար շահի նշանակությունը. բնականաբար առաջին տեղում բիզնեսը պետք է լինի այստեղ որևէ կասկած չկա, բայց դրանով դուք նաև ձեր առանցքային ներդրումը կբերեք մեր տարածաշրջանի հավասարաչափ զարգացմանը` հետևապես և անվտանգության ապահովմանն ու Եվրոպական միության հարևանությամբ խաղաղ ու կայուն գոտու ստեղծմանը»,- նշել է Սերժ Սարգսյանը։

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---