Միջազգային գիտաժողովի մասնակիցներն այցելել են Սևան՝ լճի խնդիրներին տեղում ծանոթանալու համար

Միջազգային գիտաժողովի մասնակիցներն այցելել են Սևան՝ լճի խնդիրներին տեղում ծանոթանալու համար

PanARMENIAN.Net - «Վարչական շրջանի երկրաէկոլոգիական մոնիթորինգ և ռիսկ» խորագրով եռօրյա միջազգային գիտաժողովի աշխատանքները կամփոփվեն այսօր։ Երեկ գիտաժողովի մասնակիցները մեկնել էին Սևան՝ ծանոթանալու ջրային ավազանի ներկա վիճակին և առկա խնդիրների լուծման ուղղություններին։

Սևանում համաժողովի պատվիրակները հանդիպել են Գեղարքունիքի մարզպետարանի, Գավառի Օրհուս կենտրոնի ներկայացուցիչների հետ, դիտել Օրհուս կենտրոնի կողմից պատրաստված Սևանա լճին նվիրված ֆիլմը։ Խոսվել է Սևանա լճի խնդիրների, այդ թվում՝ 1933-1981թթ. ընթացքում լճի մակարդակի արհեստական իջեցման պայմաններում Սևանում տեղի ունեցած բացասական էկոլոգիական փոփոխությունների մասին։

Գիտաժողովի մասնակիցները կարևորել են Սևանի էկոլոգիական հավասարակշռության պահպանումը, քանի որ աշխարհում այսօր խմելու ջուրը լրջագույն խնդիրներից է։ Քաղցրահամ ջրային պաշարները կազմում են աշխարհի ջրային պաշարների ընդամենը 2,6 տոկոսը։ Այդ իսկ պատճառով խիստ անհրաժեշտ է պահպանել և վերարտադրել Սևանի ջրային պաշարները։ Լճում քաղցրահամ ջուրը կազմում է 35 միլիարդ խմ, մինչդեռ նախկինում այն 58 մլրդ էր։

Գիտաժողովի մասնակիցները Սևանի հետ կապված մի շարք հիմնախնդիրներից հատկապես առանձնացրել են ջրի մակարդակի բարձրացումը մինչև այն նիշը,որ հնարավոր լինի պահպանել լճի էկոլոգիական հավասարակշռությունը։ Նշենք, որ նախատեսված է 2029-2030թթ. Սևանի մակարդակը հասցնել 1903,5 մետր խորության։ Ընդհանուր առմամբ նպատակ է դրված լիճը բարձրացնել 6 մետրով։ 2003-ից սկսել է Սևանի ջրի մակարդակի աստիճանական բարձրացումը՝ յուրաքանչյուր տարի կազմելով 40-50 սմ, ինչի արդյունքում անցած տարիների ընթացքում ջրի մակարդակը բարձրացել է ավելի քան 3 մետրով։ Արտասահմանցի մասնագետները քննարկումների ընթացքում ներկայացրել են նաև իրենց երկրներում նման խնդիրների լուծման տարբերակները։

«Վարչական շրջանի երկրաէկոլոգիական մոնիթորինգ և ռիսկ» խորագրով եռօրյա միջազգային գիտաժողովին մասնակցում է 56 գիտնական 17 երկրից։ Գիտաժողովի կազմակերպիչներն են «Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություն» ինստիտուտը, Հայաստանի երիտասարդական հիմնադրամը, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանը և Գեղարքունիքի մարզպետարանը։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---