ԱՄՀ-ն և ՀԲ-ն խորհուրդ են տալիս Հայաստանին ավելի շատ հարկեր հավաքել և ճիշտ վերաբաշխել պետբյուջեն

ԱՄՀ-ն և ՀԲ-ն խորհուրդ են տալիս Հայաստանին ավելի շատ հարկեր հավաքել և ճիշտ վերաբաշխել պետբյուջեն

PanARMENIAN.Net - Եկող տարվանից կենսաթոշակը և նպաստը կբարձրանան, քաղծառայողներին կտրամադրվի սոցիալական ապահովության փաթեթ, սեպտեմբերի 29-ին ասել է վարչապետ Տիգրան Սարգսյանը ՀՀ կառավարության նիստում:

«2012 թվականին մեզ լարված աշխատանք է սպասում, և ես ցանկանում եմ նաև ավելացնել, որ պետական բյուջեի նախագիծը քննարկվել է Արժույթի միջազգային հիմնադրամի, Համաշխարհային բանկի հետ, որոնք մեր հիմնական դոնորներն են։ 2012 թվականին մենք նրանցից լրացուցիչ օժանդակություն ենք ակնկալում, ինչպես նաև 2012 թվականի բյուջեի կատարողականի ռիսկերը նվազեցնելու համար` աջակցություն Եվրամիությունից։ Սկզբունքը, որով այսօր միջազգային կազմակերպություններն առաջնորդվում են, (և այդ սկզբունքը համահունչ է համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամին), հետևյալն է. պետությունները պետք է ձեռնարկեն իրենց սեփական ռեսուրսները բացահայտելու և բարեփոխում իրականացնելու լրացուցիչ միջոցառումներ։ Այն պետությունները, որոնք դա կիրականացնեն, կստանան ավելի շատ լրացուցիչ ֆինանսավորում։ Այս սկզբունքով են պայմանավորված Արժույթի միջազգային հիմնադրամի հետ մեր բանակցությունները` ավելի շատ ռեֆորմ, ավելի շատ ֆինանսավորում, և նույն սկզբունքն ամրագրվել է Եվրամիությունում։ Դա նշանակում է, որ եթե մենք մեր բարեփոխումների ծրագիրն արագ իրականացնենք, մեզ շատ հեշտ կլինի 2012 թվականի խնդիրները լուծել։ Բայց, իհարկե, լարվածությունը պայմանավորված է հետևյալ հանգամանքով. Արժույթի միջազգային հիմնադրամն արդեն 10 տարուց ավելի է մշտապես մեր առջև դնում է հետևյալ հարցը` պետական բյուջեի միջոցով բարելավել մեր ֆինանսական միջոցների վերաբաշխումը։ ՀՆԱ-ի մեջ պետական բյուջեի ծախսերի և պետական բյուջեի եկամտի հարաբերակցությունը մեզ մոտ ցածր է, և ամեն տարի Արժույթի միջազգային հիմնադրամում տնօրենների խորհուրդն այս հարցը բարձրացնում է։

Հարկային վարչարարության բարելավման հնարավորությունները մենք գնահատել ենք 10-15 մլրդ դրամ այն պարագայում, երբ հարկերը 2011 թվականի համեմատ ավելանալու են շուրջ 100 մլրդ դրամով, իսկ սա լուրջ մարտահրավեր է մեզ համար։ Մեզ առաջին հերթին պետք է օգնի 4.2 տոկոս համախառն ներքին արդյունքի տնտեսական աճը և ծրագրված 4.6 տոկոս դեֆլյատորը, որը նոմինալ կերպով նոր ստեղծված արժեքն ավելացնում է։ Այդ պարագայում լրացուցիչ 40-50 մլրդ դրամ պետք է հավաքենք, եթե նույնիսկ որևէ հարկային բազայի ռեժիմ չփոխվի, քանի որ նոմինալ այդքան աճ է տեղի ունենալու։

Այնուամենայնիվ, մենք պետք է լրացուցիչ հավաքենք մոտավորապես 60 մլրդ դրամ, որը լուրջ խնդիր է։ Այդ տեսակետից հանձնարարական է տրված բոլոր նախարարներին` ամբողջությամբ տիրապետել իրենց ոլորտների հարկային բազային։ Սա լինելու է նրանց անձնական պատասխանատվության խնդիրը 2012 թվականի ընթացքում։ Նախարարները պետք է ամբողջությամբ տիրապետեն, թե իրենց ոլորտներում որքան ՀՆԱ է արտադրվում, նոր ստեղծված արժեքը և հարկման բազան ինչպիսին է, և այդ հարկման բազայից որքան գումար է մուծվում պետական բյուջե։ Ֆինանսների նախարարությունը մյուս նախարարություններից ստացել է իրենց վերլուծությունները և առաջարկությունները, որոնք մենք պետք է ամփոփենք։ Անհրաժեշտ կլինի, որպեսզի նաև միկրոմակարդակով այս խնդրին ևս մեկ անգամ անդրադառնանք։ Եթե մենք հաջողենք այդ խնդրում, ապա երկու անգամ ավելի ֆինանսավորում կստանանք։

Պետական բյուջեում ներդրված սցենարի համաձայն` այդ լրացուցիչ ֆինանսավորումն ստանալու ենք Արժույթի միջազգային հիմնադրամից, Համաշխարհային բանկից և Եվրամիությունից, բայց միայն մեկ պայմանով` մենք պետք է կատարենք մեր ծրագրերը։ Այդ լրացուցիչ ֆինանսավորումը մեզ հնարավորություն է տալու ավելացնել մեր սոցիալական ծախսերը` առաջին հերթին թոշակները, երկրորդ հերթին` սոցիալական նպաստները։ Երրորդ ուղղությամբ Հայաստանի Հանրապետությունում առաջին անգամ իրականացնելու ենք աշխատավարձի բարեփոխում։ Քաղծառայողներին տրամադրելու ենք սոցիալական ապահովության փաթեթ»,- ասել է վարչապետը։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---