«Շիրակ կենտրոն» ՀԿ-ն կոչ է անում հոկտեմբերը հայտարարել գյումրեցիների իրազեկման միամսյակ

PanARMENIAN.Net - Այսօր Շիրակի մարզում գործող հասարակական կազմակեպությունների, լրագրողների, մարզպետարանի և քաղաքապետարանի բնակարանային խնդիրների ապահովման բաժինների ղեկավարների մասնակցությամբ կայացած կլոր-սեղան քննարկման ժամանակ «Շիրակ կենտրոն» ՀԿ նախագահ Վահան Թումասյանը հրապարակել է կազմակերպության` առաջիկա հոկտեմբերը գյումրեցի անօթևան ընտանիքներին իրազեկելու և աջակցելու ամիս հայտարարելու մասին կոչը:

«ՀՀ կառավարության որոշմամբ` աղետի գոտում բնակարանների բաշխման գործընթացին մասնակցելու համար անօթևան ընտանիքների անհրաժեշտ փաստաթղթերի համալրման և հանձնման վերջնաժամկետ սահմանվել է 2011 թվականի նոյեմբերի 1-ը: Սակայն Գյումրիում ներկա պահին կան հարյուրավոր այնպիսի անօթևան ընտանիքներ, որոնք պահանջվող փաստաթղթերի փաթեթները բնակբաշխման հանձնաժողովին կամ առհասարակ չեն հանձնել` մոտ 300 ընտանիք, կամ ոչ ամբողջական են հանձնել` 1100 ընտանիք: Եթե նրանք մինչև սահմանված օրը` նոյեմբերի 1-ը, փաստաթղթերը չկարողանան համալրել և ներկայացնել, ապա կկորցնեն պետության կողմից բնակարանային փոխհատուցման իրենց իրավունքը»,- ասել է Թումասյանը:

Նրա դիտարկումներով` մինչև օրս փաստաթղթեր չներկայացրածների թվում կան այնպիսի ընտանիքներ, որոնք գտնվելով ծայրահեղ ծանր սոցիալական պայմաններում, պահանջվող փաստաթղթերը ֆինանսական և ֆիզիկական դժվարությունների պատճառով չեն կարողանում տարբեր ծառայություններից ձեռք բերել: Տասնյակ բազմանդամ ընտանիքների ներսում էլ ստանալիք բնակարանի պատկանելիության վերաբերյալ չի կայանում համաձայնություն, կան նաև ընտանիքներ, որոնք պարզապես իրազեկված չեն:

«Ուստի կոչ ենք անում լրատվամիջոցներին ու հասարակական կազմակերպություններին` առաջիկա մեկ ամսվա ընթացքում իրականացնել ամենօրյա իրազեկում և նման խնդիրներ ունեցող անօթևան ընտանիքներին կոնկրետ աջակցություն ցուցաբերել բնակարան ստանալու համար պահանջվող փաստաթղթերը ձեռք բերելու և բնակբաշխման հանձնաժողովին հանձնելու գործում: Հարգելի գործընկերներ. եկեք առաջիկա հոկտեմբեր ամիսը հայտարարենք գյումրեցի անօթևան, բնակարան ստանալու հավակնորդ ընտանիքներին իրազեկելու միամսյակ և համատեղ ուժերով աջակցենք, որ նեղության ու կարիքի մեջ գտնվող մեր համաքաղաքացիները օր առաջ կարողանան ազատվել ցուրտ և խոնավ տնակներից»,- եզրափակել է Վահան Թումասյանը:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---