
Հայաստանն ակտիվացնում է պայքարը թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ: Ինչպես հայտարարել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը թմրամոլության ու թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի միջգերատեսչական հանձնաժողովի նիստում, թմրամոլության դեմ պայքարը ՀՀ ԱԱԽ գերակա ուղղություններից է: Ըստ նրա, այդ նպատակին է ուղղված թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի ազգային ծրագիրը:
Անդրադառնալով կատարված աշխատանքին՝ Բաղդասարյանը ներկայացրել է պաշտոնական վիճակագրության տվյալները, հայտնելով, որ ընթացիկ տարվա առաջին կիսամյակում 2010թ. նույն շրջանի համեմատ այդ ոլորտում գրանցվել է իրավախախտումների 7,4 տոկոս աճ, իսկ բացահայտված խախտումների քանակն աճել է գրեթե 10 տոկոսով:
Բացի այդ, Արթուր Բաղդասարյանը հայտնել է, որ ԵՄ-ն կոչ է արել Հայաստանին և «Արևելայն գործընկերության» ծրագրի անդամ երկրներին ակտիվացնել համագործակցությունն այդ ոլորտում: «ԵՄ-ն կոչ է արել Հայաստան գործուղել հատուկ փորձագետի, որը կհամագործակցի իրավապահ մարմինների հետ այդ հարցի վերաբերյալ հավասարակշռված փաստաթղթի ստեղծման համար»,-ասել է Բաղդասարյանը՝ հավելելով, որ Հայաստանը բավականին արդյունավետ է համագործակցում այդ ոլորտում նաև ՀԱՊԿ շրջանակներում: