Հայաստանը դիտարկում է ԵՄ հետ ազատ առևտրի գոտիների ստեղծումը` որպես երկրի զարգացման խթան

Հայաստանը դիտարկում է ԵՄ հետ ազատ առևտրի գոտիների ստեղծումը` որպես երկրի զարգացման խթան

PanARMENIAN.Net - «Հայաստանն ըմբռնումով է մոտենում Եվրամիության երկրների համար էներգետիկ անվտանգության և մատակարարման աղբյուրների բազմազանության ապահովման անհրաժեշտությանը, բայց նմանապես իրավունք ունենք նման ըմբռնում ակնկալելու մեր երկրի անվտանգության, մեր տարածաշրջանի կայունության և հավասարաչափ զարգացման խնդիրների հանդեպ»,- հայտնել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը` ելույթ ունենալով «Արևելյան գործընկերության» գագաթաժողովում:

Իր խոսքում նախագահը ուշադրություն է դարձրել այն փաստին, որ որպես Հարավային Կովկասում անվտանգության և խաղաղության ջատագովի` ԵՄ քաղաքականությունը պետք է նպաստի տարածաշրջանում համաչափ զարգացմանը: «Սակայն նման նախագծերի իրականացումը չպետք է ստեղծի այնպիսի պայմաններ, որոնք թույլ կտան որևէ երկրի հայտնվել առավել նպաստավոր դիրքերում, մանավանդ, երբ այդ կապիտալը օգտագործվում է ի վնաս տարածաշրջանային անվտանգության: Կարծում եմ ԵՄ-ն քաջ գիտակցում է տարածաշրջանում առկա փխրուն իրավիճակը»,- հայտնել է Սարգսյանը:

«Հայաստանում իրապես գոհունակությամբ են արձանագրում Ասոցացման համաձայնագրի բանակցություններում գրանցված առաջընթացը: Մենք նպատակաուղղված ենք պահպանել ու շարունակել առաջընթացի նման տեմպերը և այժմ քայլեր ենք ձեռնարկում ԵՄ-ի հետ Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտի ստեղծելու ուղղությամբ անհրաժեշտ միջոցառումներն իրականացնելու համար»,- նշել է ՀՀ նախագահը` հավելելով, որ Հայաստանն այս գործընթացը դիտարկում է որպես երկրում հիմնարար ինստիտուցիոնալ և կառուցվածքային բարեփոխումներն առաջ մղելու լրացուցիչ խթան:

«Արևելյան գործընկերության» անդամ պետությունների և ԵՄ երկրների կառավարությունների ղեկավարների գագաթաժողովը մեկնարկել է սեպտեմբերի 29-ին Վարշավայում: Գագաթաժողովի ընթացքում կկազմակերպվի ոչ պաշտոնական ընթրիք, երկու լիագումար նիստ, ինչպես նաև կստորագրվի հռչակագիր:

«Արևելյան գործընկերություն» նախագիծը, որը ստեղծվել է Եվրոպական միության կողմից, ներկայացվել է Լեհաստանի ԱԳՆ ղեկավարի կողմից Շվեդիայի մասնակցությամբ 2008-ին ընդհանուր հարցերի և արտաքին կապերի վերաբերյալ ԵՄ խորհրդում: «Արևելյան գործընկերության» գլխավոր նպատակը 6 հետխորհրդային երկրների` Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Մոլդովայի, Ուկրաինայի և Բելառուսի մերձեցումն է ԵՄ հետ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---