1 հոկտեմբերի 2011 - 09:24 AMT
Սերգեյ Մինասյան. Վաղ թե ուշ ԵՄ-ն ստիպված է լինելու գործ ունենալ անմիջապես Արցախի հետ

«Արևելյան գործընկերության» գագաթաժողովը հերթական անգամ հաստատեց միջազգային հանրության հավատարմությունը ԵԱՀԿ ՄԽ ձևաչափին: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթղակցի հետ զրույցում հայտնել է Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը;

Մինասյանը նշել է, որ, չնայած գագաթաժողովի կոմյունիկեում ուղղակիորեն չի նշվում ղարաբաղյան հակամարտությունը, սակայն այդ հարցը չի կարող չշոշափվել: «Արևելյան գործընկերությունը» գործ ունի Հարավային Կովկասի երկրների հետ, և վաղ թե ուշ ԵՄ-ն ստիպված է լինելու գործ ունենալ անմիջապես Արցախի հետ»,-ասել է նա:

Նաև, ըստ Մինասյանի, ուշագրավ է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների վերջին հայտարարությունը ռազմական գործողություններ թույլ չտալու ու բանակցությունները Մադրիդյան սկզբունքների շուրջ շարունակելու ուղղությամբ: «Կարելի է նեթադրել, որ այդպիսով միջազգային հանրությունը հաստատեց, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորումը պետք է իրականացվի իրավաբանորեն պարտավորեցնող հանրաքվեի միջոցով, որն այդ փաթեթի հիմնական սկզբունքներից մեկն է»,-ասել է Մինասյանը:

Բացի այդ, փորձագետը նշել է, որ միջազգային հանրությունն առավել մեծ ուշադրություն կդարձնի միջազգային կառույցների տարբեր գնահատականներին կողմերի դիրքորոշումների վերաբերյալ և այդ առումով Հայաստանի դիրքերը շահեկան են: «Միջազգային ատյանները, արդեն Մեծ ութնյակի գագաթաժողովից սկսած, նշում են Հայաստանի կողմից առկա դինամիկան բանակցային գործընթացում»,-ասել է նա: