1 հոկտեմբերի 2011 - 11:26 AMT
Ոստիկանության Երևանի քաղաքային վարչության պետ. Ազատության հրապարակում հսկողությունն ավելի ուժեղացված է լինելու

«Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի 32 հոդվածի 2-րդ մասով սահմանված է, որ եթե նույնիսկ հանրահավաքը իրազեկման պահանջների խախտմամբ է անցնում, բայց խաղաղ բնույթ ունի, ոստիկանությունը պարտավոր է աջակցել դրա անցկացմանը:

ՀՀ ոստիկանության Երևանի քաղաքային վարչության պետ Ներսիկ Նազարյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում այս կետի շրջանակներում անդրադառնալով սեպտեմբերի 30-ին սկսված ՀԱԿ-ի շուրջօրյա հանրահավաքներին, նշել է. «Մենք նորմալ ծառայություն ենք անում: Մենք հարց չունենք պրոբլեմ չունենք, ծառայությունը դրված է, նորմալ ընթանում է: Սադրանքներ չեն լինի, ոստիկանությունը չի խոչընդոտի»: Նազարյանը չի հայտնել, թե քանի ոստիկան է հսկողություն իրականացնում Ազատության հրապարակում, սակայն նշել է, որ հսկողությունը մի քիչ ավելի ուժեղացված կլինի:

Սեպտեմբերի 30-ին ՀԱԿ-ի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը ցուցարարներին առաջարկել է շուրջօրյա հանրահավաքներ սկսել և դրական պատասխան է ստացել: Որոշվել է, որ հանրահավաքները նախնական կտևեն 7 օր, որից հետո կորոշվի` շարունակել, թե դադարեցնել դրանք: Ոստիկանությունը կենդանի օղակի մեջ է վերցրել Ազատության հրապարակը և չի խանգարում ցուցարարների ելումուտին հրապարակ:

Շուրջօրյա հանրահավաքներին զուգահեռ ընդդիմությունը կվերսկի երկխոսությունը իշխանությունների հետ: