1 հոկտեմբերի 2011 - 11:54 AMT
Երևանում կկազմակերպվի Զարուհի Պետրոսյանի մահվան տարելիցին նվիրված մոմավառություն

«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիա»-ն հոկտեմբերի 3-ին՝ ժամը 18:00-ին կազմակերպում է հանրային ակցիա Կարապի լճի մոտակայքում՝ նվիրված Զարուհի Պետրոսյանի մահվան տարելիցին: Տեղի կունենա մոմավառություն: Կոալիցիան կոչ է անում անտարբեր չլինել և միանալ վառելու Ձեր մոմը:

Մեկ տարի առաջ՝ 2010 թ-ի հոկտեմբերի 1-ին 20-ամյա Զարուհի Պետրոսյանը մահացավ՝ դաժանաբար ծեծվելով իր ամուսնու և սկեսրոջ կողմից: Կոալիցիայի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ Զարուհի Պետրոսյանի հիշատակին կազմակերպված այս միջոցառումը հիշեցնում է խնդրի հրատապության և դրան ամեն օր անդրադառնալու անհետաձգելիության մասին:

Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Հայաստանում կանանց 40%-ը իրենց ընտանիքներում ենթարկվում է բռնության: Բռնության շատ դեպքեր մնում են չհրապարակված` հասարակության անհանդուրժող վերաբերմունքի և «ամոթի» պիտակի պատճառով: Հանրության ուշադրությունը կանանց դեմ բռնության նկատմամբ առաջնային է ճակատագրական դեպքերի կանխարգելման, Հայաստանում կանանց համար ապահով և անվտանգ կենսապայմաններ ապահովելու և առողջ ընտանիք ունենալու համար: