1 հոկտեմբերի 2011 - 12:00 AMT
Բրիտանական խորհուրդը աջակցելու է «Հայֆեստ 2011»-ին

Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակը «Հայֆեստ 2011» միջազգային թատերական փառատոնի շրջանակներում հանդես է գալու Արվեստի թվայնացմանն առնչվող առցանց քննարկումներով: Ոլորտի փորձագետներն առցանց քննարկումների միջոցով դիտարկում են Միացյալ Թագավորությունում կատարողական արվեստի զարգացման համար թվային միջոցների ընձեռած հնարավորությունները: Հայ մասնագետները ևս կարող են միանալ քննարկումներին և հետևել թեմայի զարգացումներին:

«Հայֆեստ 2011» միջազգային թատերական փառատոնի հատուկ հյուրն է լինելու Բրիտանական խորհրդի Արևելյան Եվրոպայի արվեստի ծրագրերի ղեկավար Գրեգորի Նեշը: Նա հայ ուսանողների համար «Արվեստի մենեջմենթ» թեմայով հանդես կգա դասախոսություններով, կծանթոնա հայ թատերական արվեստի նորարարություններին և հայ մասնագետների հետ կքննարկի համագործակցության ուղիներ:

Բացի վերը նշված դասախոսություններից գրասենյակի աջակցությամբ փառատոնին մասնակցելու են Բրիտանացի պարուսույց Բիլլի Քաուիի` նոր, եռաչափ գրաֆիկայով համակցված «Tango de Soledad» 10 րոպեանոց պարային բեմադրությունը: «Tango de Soledad»-ը (Միայնության տանգոն) հինգ րոպեանոց մենապար է, որը բեմադրել է Բիլլի Քաուին և ներկայացնում է Էմի Հոլինգսոուրթը:

Փառատոնի շրջանակում Բրիտանական խորհուրդը ներկայացնելու է նաև բրիտանական Proto-type թատրոնի «Third Person: Bonnie & Clyde» (Երրորդ անձ` Բոնի և Քլայդ) մոլտիմեդիա բեմադրությունը: Այն պատմում է 20-րդ դարի սկզբին իրենց քրեական կյանքով և սիրո մեծ պատմությամբ հանրահայտ դարձած Բոնի Փարքերի և Քլայդ Բարոուի կյանքի մասին: Սիրո և մահվան սահմանները ջնջած այս պատմությունը հարուստ է սյուժետային գծերով և ժամանակակից մուլտիմեդիա հնարավորություններով և հնարքներով: