1 հոկտեմբերի 2011 - 14:23 AMT
«Կապույտ մարդիկ» ներկայացումը կբացի «Հայֆեստ2011»-ը

Հունգարական Փի Ար Էվալուշն թատրոնի «Կապույտ մարդիկ» ներկայացումը կբացի «Հայֆեստ2011» 9-րդ միջազգային թատերական փառատոնը: Փառատոնի բացումը կայանալու է այսօր երեկոյան` Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում: Թատրոնի խորեոգրաֆ Սոֆիա Նեմեշը լրագրողների հետ զրույցում ասաց, որ իրենց թատրոնը խառնում է պարային տարբեր ուղղություններ և ոճեր և փորձում համադրություններ անել: «Կապույտ մարդիկ» ներկայացումը տղամարդկային հոգու մասին է: «Մեր պատկերացմամբ տղամարդը պետք է ուժեղ լինի, բայց ես փորձում եմ տեսնել նրան իր գեղեցկությամբ և թուլությամբ: Ներկայացման մեջ կան տարբեր իրավիճակներ, էմոցիաներ», ասաց Նեմեշը:

«Հայֆեստ2011» 9-րդ միջազգային թատերական փառատոնը անցկացվելու է հոկտեմբերի 1-8-ը: Այս տարի փառատոնին հանդես կգան 18 երկրներից 30 թատերախումբ 60 ներկայացումով: Փառատոնի ուշագրավ հյուրերից են լինելու Մեծ Բրիտանիայից` Էդինբուրգի «Պրոտոթայփ» թատրոնը: Առաջին անգամ կայանալու է «Մենության տանգո» 3D ներկայացումը Բրիտանիայից, որի բեմադրիչն է Բիլլի Քոուն:

Սպասվում է Պերմի մշակույթի նախարար Նիկոլայ Նովիչկովի, փոխվարչապետ Բորիս Միլգրամի ներկայությունը, քանի որ այս տարի «Միհր» թատրոնը Հայաստանը ներկայացրել է «Սպիտակ գիշերները Պերմում» արվեստների փառատոնին: Սպասվում է նաև փառատոնի նախագահ Վերոնիկա Վայսմանի այցը փառատոն: Նրանք կհանդիպեն ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի հետ:

Փառատոնին ընդգրկվելու են հիմնական և ֆրինջ ծրագրերը: Սպասվում են տիկնիկային, երաժշտական, պարային և այլ բեմադրություններ: Մասնակցելու են Դանիայից, Իտալիայից, Հունգարիայից, Լատվիայից, Բուլղարիայից և այլ երկրներից: Սպասվում են վարպետության դասեր բրիտանցի պրոֆեսոր Նոյել Վիթսից, Բալթիկ սիրքլ միջազգային թատերական փառատոնի հիմնադիր Յուկա Հյութից:

Փակումը կայանալու է Բրիտանիայի և Վրաստանի համատեղ «Կապիտան Կորելիի ընտրությունը» ներկայացումով: Այս տարի հայտ էին ներկայացրել 100-ից ավելի ներկայացումներ: