1 հոկտեմբերի 2011 - 15:14 AMT
Բրիտանական խորհուրդը հակված է «Հայֆեստ» բերել նորարարական ներկայացումներ

Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակը նախընտրում է Հայաստան բերել նորարարական ներկայացումներ, այդ մասին մամլո ասուլիսում հայտնեց Բրիտանական խորհրդի Արևելյան Եվրոպայի արվեստի ծրագրերի ղեկավար Գրեգորի Նեշը:

«Հայֆեստ2011» փառատոնի շրջանակներում գրասենյակը ներկայացնելու է Բիլլի Քաուիի «Tango de Soledad» պարային բեմադրությունը և Proto-type թատրոնի «Third Person: Bonnie & Clyde» (Երրորդ անձ` Բոնի և Քլայդ) մուլտիմեդիա բեմադրությունը: « «Tango de Soledad» ներկայացումը մասնակցել է բազմաթիվ փառատոների և ներկայացվել է աշխարհի շատ երկրներում, այդ թվում և Նյու Յորքում», ասաց Նեշը: Ներկայացումները մասնակցել են Էդինբուրգի փառատոնին և Հայաստան են հրավիրվել փառատոնի նախագահ Արթուր Ղուկասյանի կողմից:

«Tango de Soledad» պարային բեմադրությունը եռաչափ պատկերների շարքի շնորհիվ հնարավորություն է ընձեռում դերասանի պրոյեկտված կերպարները էկրանից տեղափոխել հանդիսատեսի տարածք` այսպիսով հանդիսատեսին հնարավորություն ընձեռելով զգալ իրեն դերասանի հետ միևնույն հարթությունում: «Արտառոց, լիրիկական, պատկերավոր, գրավիչ... Բիլլի Քաուիի ռոմանտիկ ֆանտազիաները խոր տպավորություն են թողնում ինձ վրա», նշել է հանրահայտ բալետմայստեր Միխաիլ Բարիշնիկովը:

Proto-type թատրոնի «Third Person: Bonnie & Clyde» (Երրորդ անձ` Բոնի և Քլայդ) մուլտիմեդիա բեմադրությունը պատմում է 20-րդ դարի սկզբին իրենց քրեական կյանքով և սիրո մեծ պատմությամբ հանրահայտ դարձած Բոնի Փարքերի և Քլայդ Բարոուի կյանքի մասին: Սիրո և մահվան սահմանները ջնջած այս պատմությունը հարուստ է սյուժետային գծերով և ժամանակակից մուլտիմեդիա հնարավորություններով և հնարքներով:

«Հայֆեստ2011» 9-րդ միջազգային թատերական փառատոնը անցկացվելու է հոկտեմբերի 1-8-ը: