1 հոկտեմբերի 2011 - 17:35 AMT
Ինչո՞ւ երթուղայինների վարորդները չեն միացնում լուսարձակները՝ վտանգելով ուղևորների կյանքը

Երեկոյան Երևանում հաճախ կարելի է նկատել բեռնավորված երթուղայիններ, որոնք վարում են առանց լուսարձակները միացնելու։ Սակայն դա օրենքով արգելված է։ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածը օրվա մութ ժամերին կամ անբավարար տեսանելիության պայմաններում լուսասարքերից օգտվելու կանոնները խախտելու համար սահմանում է նվազագույն աշխատավարձի եռապատիկի չափով տուգանք։

Բացի օրենքով արգելված լինելուց՝ առանց լուսարձակների մեքենա վարելը չափազանց վտանգավոր է։ Երթուղային գծերից մեկի թեժ գծում, օրինակ, առանց լուսարձակների մեքենա վարելը համեմատեցին մութ սենյակում ինչ-որ բան փնտրելու հետ. հարվածներից խուսափելը գրեթե անհնար է։ Բացի այն որ վտանգավոր է, դա նաև չափազանց անհարմար է. փողոցի լուսավորվածությունը չի կարող լինել բավարար և ստեղծվում է աչքերի ավելորդ լարում։

Այս դեպքում ի՞նչն է դրդում երթուղայինների վարորդներին մեքենան վարել առանց լուսարձակների։ Տնտեսելու ձգտո՞ւմը։ Մեքենաներից քիչ թե շատ հասկացող ցանկացած մարդ գիտի, որ լուսարձակները, ինչպես նաև մեքենայի բոլոր էլեկտրական սարքերը սնվում են ստարտերից։ Վերջինս իր հերթին էներգիայի է վերափոխում շարժիչի մխոցների պտույտները։ Ստացվում է, որ խնայողության մասին խոսք անգամ լինել չի կարող։ Իսկ «Երևանտրանս» ՓԲԸ-ում երևույթի մասին լսում էին առաջին անգամ։ Նրանք նշեցին, որ իրենց անհրաժեշտ են կոնկրետ մեքենաների համարները, որի դեպքում երթուղիների տերերը «խիստ կզգուշացվեն»։ PanARMENIAN.Net-ի թղթակիցը փորձեց երևույթի մասին «մասնագիտական» մեկնաբանություն ստանալ նաև երթուղիներից մեկի թեժ գծին զանգահարելով, սակայն լսելու փոխարեն՝ հեռախոսազանգին պատասխանողը բորբոքվեց, սկսեց բղավել ու ապացույցներ պահանջել՝ մեղադրելով զրպարտության ու «ոչինչից նյութ գրել» ձգտելու մեջ։ Ստացվում է, որ երթուղայիններից օգտվող տասնյակ քաղաքացիների վկայությունները թեժ գծերին պատասխանողների համար բավարար չեն։ Իսկ հետաքրքիր է՝ բոլո՞ր «բողոքների ու առաջարկների» դեպքում է պետք ապացույցներով խոսել։

Հետաքրքիր է՝ ինչ են այս մասին մտածում Ճանապարհային ոստիկանությունում։ Հավանաբար տեղյակ էլ չեն, քանի որ ոստիկանության մեքենան նկատելուն պես երթուղային տաքսիների վարորդները ամրագոտին կապելու ու բջջայինն անջատելու նման նաև լուսարձակներն են միացնում։ Հետո կրկին անջատում՝ վտանգելով իրենց ու երթուղայիններից օգտվողների կյանքը։