2 հոկտեմբերի 2011 - 15:48 AMT
Ստանիսլավ Տարասով. Ադրբեջանի և Թուրքիայի միջև հարաբերությունները միշտ էլ դյուրին չեն եղել

«Ըստ իս, Ադրբեջանի և Թուրքիայի միջև հարաբերությունները միշտ էլ դյուրին չեն եղել, Analitika.at.ua-ին տված հարցազրույցում հայտնել է ռուս քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը: Նրա խոսքով, Թուրքիան Ադրբեջանի հանդեպ փորձում է հանդես գալ «առաջատարի» դերում, մինչդեռ Բաքուն ինքն այնքան պոտենցիալ ունի, որ կարող է Անկարայի նկատմամբ հանդես գալ եթե ոչ առաջին, ապա իրավահավասար դիրքերից: «Ինձ թվում է, որ տվյալ դեպքում Ադրբեջանը ջանալու է պահպանել հարաբերություններն Իսրայելի և Թուրքիայի հետ: Ուստի «Իսրայելի հետ հարաբերությունների մակարդակը վերանայելու, այդ թվում՝ այդ երկիր էներգառեսուրսների մատակարարումից հրաժարվելու» վերաբերյալ Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Հուլուսի Քըլըչի կոչը Բաքվում դժվար թե օժանդակություն կստանա Ադրբեջանի ղեկավարության կողմից»,- նշել է նա: Ընդ որում, Տարասովը նկատել է, որ ի պատասխան թուրքերը կարող են խաղարկել «հայկական խաղաքարը», ակնարկել ցյուրիխյան Արձանագրությունների վավերացման հնարավորությանը: «Բաքվի համար դա սարսափելի չէ, առավել ևս, որ ակնհայտ է դառնում այն փաստը, որ «արաբական գարնան» գործընթացից Թուրքիան դուրս է գալիս թուլացած՝ ավելացնելով իր «թշնամիների» քանակը՝ Իսրայել, Սիրիա, Իրան, Հունաստան և Կիպրոսի Հանրապետություն, սրված հարաբերություններ ԵՄ հետ, բարդացումներ Ռուսաստանի հետ: Եթե նման քաղաքականությամբ առաջնորդվել, ապա կարելի է «թարսվել» ամբողջ աշխարհի հետ»,- հայտնել է քաղաքագետը: