Իրանը կտրականապես դեմ է ՄԱԿ-ին անդամակցելու վերաբերյալ Պաղեստինի հայտի ներկայացմանը

Իրանը կտրականապես դեմ է ՄԱԿ-ին անդամակցելու վերաբերյալ Պաղեստինի հայտի ներկայացմանը

PanARMENIAN.Net - Իրանը «կտրականապես դեմ է» ՄԱԿ-ին անդամակցելու վերաբերյալ Պաղեստինի հայտի ներկայացմանը: Համապատասխան հայտարարությամբ հանդես է եկել Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Համենեին: Նա հավելել է, որ Պաղեստինի բաժանումը ենթադրող ցանկացած պլան մերժվելու է Իսլամական Հանրապետության կողմից, հաղորդում է Reuters-ը: Իրանի հոգևոր առաջնորդը հանդես է եկել երկու պետությունների ստեղծման ճանապարհով մերձավորարևելյան հակամարտության լուծման դեմ, որովհետև «ողջ հողը պատկանում է պաղեստինցիներին»: Իսրայելի գոյության ճանաչումը նման կլինի «քաղցկեղի ուռուցքի», որը կավերի փխրուն խաղաղությունը տարածաշրջանում, հայտնել է Համենեին:

Պաղեստինի ինքնավարության ղեկավար Մահմուդ Աբբասը սեպտեմբերի 23-ին Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի նստաշրջանում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունին հանձնեց Պաղեստինի անկախությունը 1967թ. սահմաններում ճանաչելու հայտը: Աբբասը համոզմունք է հայտնել, որ հայտի դիտարկման համար կպահանջվի մի քանի շաբաթից ոչ ավել: Պաղեստինը հույս ունի ՄԱԿ-ի դրական որոշման օգնությամբ վերսկսել բանակցություններն Իսրայելի հետ: Հավանության արժանանալու համար Պաղեստինի անկախության վերաբերյալ բանաձևի օգտին պետք է քվեարկեն Անվտանգության խորհրդի ինը անդամներ՝ հինգ մշտական անդամների (Մեծ Բրիտանիայի, Չինաստանի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի) վետոյի բացակայության դեպքում:

Ռուսաստանը խոստացել է օժանդակել ՄԱԿ-ում ճանաչման հասնելու՝ Պաղեստինի ձգտումը: Մինչդեռ ԱՄՆ-ը մնում է իր կարծիքին. ամերիկյան կողմը մտադիր է վետո դնել հայտի վրա: Ինչպես հայտնել է Բարաք Օբաման, ԱՄՆ-ը վետո կդնի բանաձևի վրա, որը կարող է Պաղեստինին թույլ տալ դառնալ լիարժեք պետություն:

Բացատրելով իր որոշումը՝ ամերիկյան նախագահը նշել է, որ Իսրայելը շրջապատված է այնպիսի հարևաններով, որոնք բազմիցս պատերազմ են սկսել նրա դեմ, ուստի կողմերը պետք է նախ և առաջ բանակցությունների միջոցով կարգավորեն իրենց տարաձայնությունները:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---