3 հոկտեմբերի 2011 - 11:53 AMT
Ահմադինեժադը Պաղեստինի հարցը համարում է ողջ մարդկության գլոբալ խնդիրը

Եթե ԱՄՆ-ն և Իսրայելը ցանկանան Պաղեստինի խնդիրը լուծել միջազգային նորմերին համապատասխան, գոյություն ունի միակ ճիշտ որոշումը, որն առաջարկվել է իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ այաթոլա Ալի Համենեի կողմից: Այդ մասին հայտարարել է Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը, հաղորդում է MehrNews-ը: Թեհրանում տեղի ունեցած Պաղեստինի պաշտպանության 5-րդ միջազգային համաժողովի փակման ժամանակ նա նշել է աշխարհի տարբեր անկյուններում բնակվող պաղեստինցիների` իրենց բնիկ հողեր վերադառնալու անհրաժեշտությունը:

«Պաղեստինյան հողերը բռնազավթած եկվորները պետք է լքեն այդ տարածքները: Պաղեստինյան հարցը ոչ միայն պաղեստինցիների, այլ նաև մահմեդական աշխարհի խնդիրն է, ողջ մարդկության գլոբալ խնդիրը»,- ասել է Ւրանի նախագահը: Նրա խոսքով, Արևմուտքը, զավթելով պաղեստինյան հողերը, ձգտում է իշխել ողջ տարածաշրջանում:

«Եթե ագրեսորները չլսեն ժողովրդի կարծիքը, նրանք կբախվեն իսլամական աշխարհի հզոր դիմադրությանը, որին չեն կարող դիմակայել: Իրանն աջակցում է Պաղեստինի ժողովրդին նրա արդար պայքարում»,- ասել է Ահմադինեժադը: