3 հոկտեմբերի 2011 - 14:16 AMT
Տավուշում տեղացող անձրևը դժվարացնում է սողանքի գոտում որոնողական աշխատանքները

Հոկտեմբերի 3-ի ժամը 12.50-ի դրությամբ Տավուշի մարզում տեղի ունեցած խոշոր սողանքի գոտում պարբերաբար տեղացող անձրևը դժվարացնում է որոնողական աշխատանքները: Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ Լճկաձոր և Այրում համայնքներում էլեկտրաէներգիայի մատակարարումը վերականգնված է:

Հոկտեմբերի 2-ին, ժամը 19:03-ին M6 միջպետական մայրուղու 83-րդ կիլոմետրում Վանաձոր-Բագրատաշեն հատվածում` Այրում երկաթուղային կայարանի կամրջի մոտ (Լճկաձոր գյուղի հատվածում) տեղի է ունեցել սողանք: 130 մ երկարությամբ և 60 մ բարձրությամբ հողազանգվածը լցվել է ավտոճանապարհին և այն ամբողջովին դարձրել անանցանելի: Տեղում պարզվել է, որ փլվածքի տակ է մնացել տարբեր մակնիշի 35 մեքենա:

ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է օպերատիվ շտաբ: Միջոցներ են ձեռնարկվել սողանքի գոտում հայտնված ավտոմեքենաների ուղևորներին օգնություն ցուցաբերելու համար: Դեպքի վայրում աշխատում են ՀՀ արտակարգ իրավիճակների, պաշտպանության և առողջապահության նախարարությունների ու ոստիկանության աշխատակիցները: