3 հոկտեմբերի 2011 - 14:32 AMT
Իշխանությունները կողմնակալ են Ժիրայր Սեֆիլյանին ՀՀ քաղաքացիություն շնորհելու հարցում. բաց նամակ Արամ Ա-ին

ՀՀ նկարիչների միության անդամ Զարուհի Սարգսի Մուրադյանը, ազգագրագետ Հրանուշ Խառատյանը, գրող հրապարակախոս Սոնա Արշունեցին և թատերական գործիչ Երվանդ Մանարյանը բաց նամակ են հղել Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսին՝ գրելով Լիբանանի քաղաքացի, 1990 թվականից առ այսօր իր ընտանիքի հետ Հայաստանում բնակվող, Արցախի ազատագրական պատերազմի մասնակից, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար, «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանի ասպետ, փոխգնդապետ Ժիրայր Սեֆիլյանին ՀՀ քաղաքացիություն շնորհելու հարցում ՀՀ իշխանությունների կողմնակալ կեցվածքի մասին։

«Այս նամակով հայցում ենք Ձեր ուշադրությունը աղաղակող մի անարդարության հանդեպ, որի մասին պարբերաբար լուսաբանում են թե Հայաստանի և թե արտերկրի զանգվածային լրատվամիջոցները, այդ խնդրով հանդես են գալիս անհատ քաղաքացիներ, հասարակական և ազգային կազմակերպություններ:

Իշխանությունները անտեսել և մերժել են Երևանի 20 պատվավոր քաղաքացիների, հանրաճանաչ հայ անհատների, հազարավոր քաղաքացիների դիմումները Ժիրայր Սեֆիլյանին ՀՀ քաղաքացիություն շնորհելու խնդրում: Մերժելով հայրենիքի քաղաքացի դառնալու նրա դիմումները ՀՀ իշխանությունը խարխլում և կասկածի տակ է դնում ազգային միասնությունը՝ այն հիմնարար գաղափարը, որը միավորում է աշխարհասփյուռ հայությանը անկախ քաղաքական, կուսակցական և կրոնական պատկանելիությունից։

Աշխարհասփյուռ հայությանը միավորող գաղափարը կարմիր թելի նման անցնում էր Սփյուռք-Հայաստան 4-րդ համաժողովում արտասանած Ձեր ելույթի չորս հիմնավոր հարցերում։ Այդ դեպքում ի՞նչ արժեք ունի Սփյուռքի նախարարի «Արի տուն» ձևական ծրագիրը, երբ արդեն տուն եկած, հայրենի եզերք, հող ու հայրենիք պաշտպանած հայորդուն ապաստան ու քաղաքացիություն չեն տալիս հայրենիքում։ Այս հարցը արդեն դադարել է սոսկ Ժիրայրի անձնական հարց դիտվելուց և սա արդեն իսկ քաղաքականություն է, տեսակի մերժում:

Օրենքով քաղաքացիություն շնորհելը ՀՀ նախագահի մենաշնորհն է, բայց նաև մեր բոլորի արժանապատվության հարցն է, որի հետևանքով այս տեսակին փորձում են օտարել իր Հայրենիքից»,- գրված է նամակում։