3 հոկտեմբերի 2011 - 15:25 AMT
Պաղեստինը կանդամակցի՞ ՅՈՒՆԵՍԿՕ-ին

Առաջիկա օրերին ՅՈՒՆԵՍԿՕ-ն կքննարկի «Պաղեստինի Պետությունը» ճանաչելու և իր կազմում ընդգրկելու հարցը: Ինչպես հայտնում է Իսրայելի պետական ռադիոն, Պաղեստինը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կազմում ընդգրկելու պաշտոնական հորդոր կարող է հնչել այդ կազմակերպության Փարիզի կենտրոնակայանում արդեն վաղը և նման որոշման ընդունման հավանականությունը «շատ բարձր է»:

Բացի այդ, ՅՈՒՆԵՍԿՕ-ն մտադիր է պաղեստինյան Բեթ-Ղեհեմ քաղաքը հայտարարել միջազգային մշակութային ժառանգության օբյեկտ:

Դեռ հայտնի չէ, թե արդյոք որոշումը կվերաբերի հրեական ժողովրդի նախամայրերից մեկի՝ Ռաքելի գերեզմանին, որը գտնվում է Բեթ-Ղեհեմի արվարձանում ու ըստ «Օսլոյի պայմանավորվածությունների» մնում է Իսրայելի Պետության կազմում, հայտնում է ZMAN-ը: