Միջավայրի մաքրությունը թիվ 196 դպրոցի աշակերտների ձեռքում է. Ֆլեշ մոբ

Միջավայրի մաքրությունը թիվ 196 դպրոցի աշակերտների ձեռքում է. Ֆլեշ մոբ

PanARMENIAN.Net - «Միջավայրի մաքրությունը մեր ձեռքերում է»,- այսօր բարձրաձայնում էին Աշոտ Նավասարդյանի անվան թիվ 196 դպրոցի աշակերտները: Նախաձեռնությունը «Հայկական Փի Ար ասոցիացիա» գիտատեղեկատվական հասարակական կազմակերպությանն էր: Անկախության 20-ամյակին նվիրված նախաձեռնությունը անցկացվեց «Մաքուր հայրենիք, առողջ մանկություն» խորագրի ներքո:

Նախաձեռնությունը բաղկացած էր երեք մասից: Առաջին մասը ուսուցողական դասընթաց էր, որի ժամանակ Երիտասարդական ակումբների դաշնության երիտասարդ-բնապահպաններն աշակերտներին սովորեցրին շրջակա միջավայրի պահպանություն, աղբի մաքրում և վերջինիս վնասակար ազդեցությունը, ինչպես նաև աղբի տեսակավորումը:

«Մենք պարբերաբար կազմակերպում ենք տարբեր ոլորտներում առկա խնդիրներին նվիրված ակցիաներ: Այսօր Հայաստանում առկա բնապահպանական խնդիրներից ամենավտանգավորը աղբի խնդիրն է. բաց երկնքի տակ լցվում են և' ապակին, և' պլաստիկը, և' կենցաղային աղբը, ինչպես նաև տարբեր բնույթի նյութեր, ինչը շրջակա միջավայրի համար լուրջ խնդիր է և մարդկանց առողջության համար վտանգավոր»,- ասում է «Հայկական ՓԻ Ար ասոցիացիա» գիտատեղեկատվական ՀԿ նախագահ Աստղիկ Ավետիսյանը։

Երկրորդ մասը կոչվում էր «Ձեռքերով կերտել սեփական հայրենիքը»: Աշակերտները աղբի մնացորդներով և ներկված քարերով հաշված րոպեների ընթացքում «կերտեցին» իրենց կտոր հայրենիքը: Շուտով դպրոցի տարածքը զարդարվեց պայծառ արևով ու բիբլիական Արարատով, Սևանա լճով և գեղեցիկ ծաղկով: Եվ այս ամենը ստեղծվեց աղբի մնացորդներով:

«Ակցիաների կազմակերպումը երեխաներին նախապատրաստում է մեծ կյանքի և առողջ ապրելակերպի: Կարծում եմ, որ նման միջոցառումները առիթ կդառնան, որ յուրաքանչյուրը իր վարքագծով օրինակ ծառայի և չաղտոտի միջավայրը, թեկուզ հենց իր իսկ առողջության համար»,- ասել է Ա. Նավասարդյանի անվան թիվ 196 դպրոցի տնօրեն Անուշ Նավասարդյանը:

Երրորդ մասով նախատեսված էր ֆլեշ մոբ: Հայկական Փի Ար ասոցիացիայի անդամները և աշակերտները կանաչ շապիկներով ստեղծեցին կանաչ մեծ ծառ` իր հաստ հիմքով, որը մաքրության և կյանքի խորհրդանիշն էր:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---