3 հոկտեմբերի 2011 - 19:45 AMT
Սողանքի հետևանքով անհայտ կորածներից 5-ը կապ են հաստատել իրենց հարազատների հետ

Հոկտեմբերի 2-ի երեկոյան Տավուշի մարզում տեղի ունեցած խոշոր սողանքի հետևանքով անհայտ կորածների ցուցակում նշված Մամիկոն Գասպարյանը, Ալեքսանդր Բաղդասարովը, Տիգրան Մեջինյանը, Վարդան Կարապետյանը, Գյումրի քաղաքի բնակիչ Արտակը, Վրաստանի քաղաքացիներ Գենա և Նուքրի Սուրմանիձեները կապ են հաստատելել իրենց հարազատների հետ և հայտնել, որ սողանքի պահին դեպքի վայրում չեն եղել կամ անվնաս են:

Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ այսօր երեկոյան Տավուշի մարզ է այցելել նաև ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, որպեսզի տեղում ծանոթանա նախորդ օրը տեղի ունեցած սողանքի հետևանքներին։

Այս պահին հավանական անհայտ կորած մարդկանց ցուցակում նշվում են`

Արմեն Սորսումատյան (1973 թ. ծնված, Երևանի բնակիչ), Մեխակ Սորսումատյան (1964 թ. ծնված, Երևանի բնակիչ), Նորիկ Միրզոյան (1939 թ. ծնված, Լճկաձոր գյուղի բնակիչ), Արթուր Գուգենի Հակոբյան (1992 թ. ծնված, Վրաստանի քաղաքացի), Գուրգեն Մովսեսի Հակոբյան (1949 թ. ծնված, Վրաստանի քաղաքացի)

Դեպքի վայրում որոնողական աշխատանքները շարունակվում են:

M6 միջպետական մայրուղու 86-րդ կիլոմետրում` Վանաձոր - Բագրատաշեն հատվածում` Այրում կայարանի մոտ (Լճկաձոր գյուղի հատվածում), տեղի է ունեցել սողանք, որի արդյունքում փակվել է երթևեկությունը: Նախնական տվյալներով սողանքի գոտում մնացել են ավտոմեքենաներ: Կառավարությունից հայտնում են, որ վարչապետի որոշմամբ ստեղծվել է օպերատիվ շտաբ: Համապատասխան ծառայություններն ուղղված են դեպքի վայր: Հանգամանքները ճշտվում են: Ձեռնարկվում են բոլոր միջոցները սողանքի գոտում հայտնված ավտոմեքենաների ուղևորներին օգնություն ցուցաբերելու նպատակով:

Կառավարությունը նաև խնդրում է ձեռնպահ մնալ Վանաձոր- Բագրատաշեն ճանապարհահատվածից օգտվելուց, և հայտնում է, որ գործում է Վանաձոր-Դիլիջան-Իջևան-Բագրատաշեն շրջանցիկ ճանապարհից: ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնում գործում է «թեժ գիծ»՝ 010 52 96 90, 010 36 02 97, 060 44 02 38: