Մարդու իրավունքների պաշտպանը կասեցրել է 56 կրպակներից 22-ի ապամոնտաժումը

Մարդու իրավունքների պաշտպանը կասեցրել է 56 կրպակներից 22-ի ապամոնտաժումը

PanARMENIAN.Net - Մարտի 14-ից մինչև հոկտեմբերի 1-ը Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը Երևանի տարածքում գտնվող 75 կրպակների սեփականատերերից ստացել է 56 անհատական և 1 կոլեկտիվ բողոք: ՄԻՊ գրասենյակից հայտնում են, որ ուսումնասիրությունների և Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության արդյունքում կասեցվել է 56 կրպակներից 22-ի ապամոնտաժումը: Այս համատեքստում դրական են գնահատվում Պաշտպանի աշխատակազմի և Երևանի քաղաքապետարանի գործակցության ներկայիս արդյունքները, ինչպես նաև վերջինիս պատրաստակամությունը` ապամոնտաժման գործընթացում ուսումնասիրել յուրաքանչյուր կրպակի իրավական հիմքերը և պահպանել օրենքով սահմանված բոլոր ընթացակարգերը:

Այդուհանդերձ, մտահոգվելով առանց օրինական հիմքերի գործող կրպակների սեփականատերերի սոցիալական վիճակով, Պաշտպանն առաջարկում է ՀՀ կառավարությանը հնարավոր միջոցներ ձեռնարկել անապահով կրպակատերերի ընտանիքների կենսապահովման խնդիրների լուծման համար: Միևնույն ժամանակ Պաշտպանը կոչ է անում բոլոր հասարակական և բարեսիրական կազմակերպություններին, ինչպես նաև խնդրով հետաքրքրված այլ անձանց ու կառույցներին աջակցել օրենքով ապամոնտաժման ենթակա կրպակատերերի սոցիալական խնդիրների լուծմանը:

ՀՀ սահմանադրական դատարանում կրպակների ապամոնտաժման գործընթացի օրինականությունը վիճարկելու խնդրանքով Պաշտպանին կոլեկտիվ դիմում էին ներկայացրել 19 կրպակատերեր: Դիմումի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ ՀՀ սահմանադրական դատարան դիմելու հիմքեր չկան, քանի որ ՀՀ Սահմանադրության 100 և 101 հոդվածների համաձայն, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը կարող է վիճարկել միայն նորմատիվ ակտերի սահմանադրականությունը, իսկ կրպակների ապամոնտաժումը գործընթաց է, որի իրավական հիմքում եղած ՀՀ քաղաքացիական օրենսգրքի հողի վարձակալությանն առնչվող դրույթներն ինքնին հակասահմանադրական չեն:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---