4 հոկտեմբերի 2011 - 11:39 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Կառլեն Մկրտչյան. Մենք խմբից դուրս գալու հիանալի շանս ունենք և չպետք է բաց թողնենք այն

Հոկտեմբերի 3-ին Հայաստանի ֆուտբոլի հավաքականը միակ բաց մարզումն է անցկացրել ֆուտբոլի ակադեմիայում՝ պատրաստվելով Եվրո 2012թ. ընտրական փուլի վերջին խաղերին: Առաջին օրը հավաքին ներկա էր 14 ֆուտբոլիստ, մյուսները միացան ավելի ուշ:

Երեկոյան Դոնեցկից ժամանել են «Շախտյորի» ու «Մետալուրգի» խաղացողներ Հենրիկ Մխիթարյանը, Գևորգ Ղազարյանը, Կառլեն Մկրտչյանն ու Մարկոս Պիզելին: Ավելի ուշ նրանց միացավ նաև հոլանդական «Այաքսի» խաղացող Արազ Օզիբիլիսը, որի համար այս խաղերն առաջինը կլինեն Հայաստանի հավաքականի կազմում:

PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում Կառլեն Մկրտչյանը խոստովանեց, որ Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները պետք է ամեն ինչ անեն, որպեսզի Մակեդոնիայի ու Իռլանդիայի հետ խաղերում 6 միավոր վաստակեն: «Մենք խմբից դուրս գալու հիանալի շանս ունենք և չպետք է բաց թողնենք այն՝ հանուն դրա մենք կգործադրենք բոլոր ջանքերն ու հնարավորությունները»,-ասել է կիսապաշտպանը:

Իսկ, ըստ հարձակվող Գևորգ Ղազարյանի, ֆուտբոլիստները գիտակցում են, որ իրենց համար դժվար է լինելու, քանի որ և Մակեդոնիան, և Իռալանդիան դժվար մրցակիցներ են: «Չեմ կարող երաշխավորել որ Իռլանդիային անպայման կհաղթենք, սակայն 100 տոկոսով կանենք մեզնից կախված ամեն ինչ»:

Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 7-ին Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում կխաղա Մակեդոնիայի հետ, իսկ հոկտեմբերի 11-ին Դուբլինում կհանդիպի Իռլանդիայի հետ:

ՖՈՏՈՇԱՐՔ